2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նիշանյանը գտնվում է թուրքական բանտում: Պատժի դաժանությունն ու չհիմնավորվածությունը և նոր դատական հետաքննությունների սպառնացող վտանգը դրդել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստներին ու ներկայացուցիչներին հավաքվել ու կազմավորել Սևան Նիշանյանի ազատության ու արդարության միջազգային կոմիտե:
Կոմիտեն կարծում է, որ Նիշանյանի պատժաչափը արդարադատության հանդեպ ծաղրանք է և անընդունելի պատիժ ինքնաարտահայտման ազատության համար, գրում է Asbarez-ը: Կոմիտեն Նիշանյանին ազատազրկելը համարում է նախապաշարումների ու չարության արտահայտում: «Այս ակնհայտ դաժան վերաբերմունքը մոտիվացվում է նրանով, որ նա այլախոհ է և մտավորական, որը պայքարում է կասկածելի տեսությունների ու պաշտոնական պատմագրության դեմ, որը թուրքական պետության մտածողության արդյունք է»,- ասվում է Կոմիտեի հայտարարության մեջ:
Միջազգային կոմիտեն կոչ է անում թուրքական իշխանություններին ազատ արձակել Նիշանյանին ու դադարեցնել նրա դեմ ուղղված ահաբեկման, հետապնդման ու դաժանության ակցիաները:Կոմիտեն կոչ է անում միջազգային կառույցներին ու իրավապահ կազմակերպություններին դատապարտել դատարանի վճիռն ու պայքարել Սևանի ազատության համար:
Կոմիտեն հայտարարում է, որ հարցը բարձրաձայնելու համար կազմակերպելու են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում, և կոչ անում բոլոր ցանկացողներին միանալ իրենց:
2011-ի մարտի 9-ին Սևան Նիշանյանը դատապարտվեց 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից որպես ապօրինի կառույցներ: Ինքը Նիշանյանն ընկալում է այդ որոշումը որպես ակցիա` ուղղված իր դեմ: Նա հայտարարել է, որ թուրքական իշխանությունները չեն կարող իրագործել իրենց որոշումը, քանի դեռ ինքը ողջ է: Նիշանյանն իր շինությունները փոխանցել է Ազիզ Նեսինի հիմնադրամին:
2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»:
2010-ին Նիշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Նիշանյանի մեկնաբանությունները «ստորացնում են Թուրքիայի Հանրապետությանը»:
2012-ին «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիային անվանեց «լրագրողների ամենամեծ բանտը»: Նիշանյանը կրում է պատիժը 2014-ի հունվարի 2-ից: