Գերմանիայում Ցեղասպանությանը նվիրված ներկայացումը թուրքերը չեն հավանել․ Դուրս են եկել բողոքի

Գերմանիայում Ցեղասպանությանը նվիրված ներկայացումը թուրքերը չեն հավանել․ Դուրս են եկել բողոքի

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին գերմանական Կոնստանցի քաղաքային թատրոնում պրեմիերա է եղել․ բեմականացվել էր Էդգար Հիլսենռաթի 1989-ի ստեղծագործությունը՝ «Վերջին մտքերի հեքիաթ»-ը, որն անդրադառնում է Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի ցեղասպանությանը։ Ներկայացումը մեծ աղմուկ է բարձրացրել տեղի թուրքերի շրջանում, բայց չնայած թուրքական իշխանության ու բնակչության բողոքներին, պրեմիերան խափանել չի հաջողվել։ Թատրոնի դիմաց բողոքի ակցիային մասնակցել է մոտ 200 թուրք ցուցարար, ովքեր պաստառներով ու իրենց կոչերով պահանջում էին առհասարակ հանել բեմադրությունը ծրագրից։ Իմիջիայլոց, այն խափանելու փորձեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն անում էին դեռևս մարտի սկզբերից։

Գերմանական Կարլսրուհե քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը թատրոնի տնօրենին՝ Քրիստոֆ Նիքսին, գրություն է ուղարկել, որում ներկայացված էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը` այն է՝ պատմական փաստերի մերժումը:

Ինչպես PanARMENIAN.Net ին պատմեց տեղի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը, քաղաքի թուրք իմամը թատրոնի տնօրենին մզկիթ է կանչել ու բեմադրության համար «հաշիվ պահանջել», իսկ թուրք հյուպատոսն իր հերթին փորձում է կառավարական մակարդակով խափանել ներկայացման ցուցադրությունը․ վախեցնում են թե դերասաններին, թե մյուս աշխատակիցներին։ Բայց, չնայած այդ ամենին, դերասանները շարունակում են ամեն օր բեմ բարձրանալ։ Թե թատրոնի տնօրենը, թե Բադեն-Վյուրտեմբերգի Եվորպայի և միջազգային հարցերով նախարար Պիտեր Ֆրիդրիխը, ինչպես նաև տեղի մշակույթի նախարարությունը դատապարտել են թուրքական կողմի բողոքները։

Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքն ու Ցեղասպանության ճանաչման գերմանական հանձնախումբը կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն են տարածել: Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի խոսքով, Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության փաստը միջազգայնորեն ամբողջովին անհերքելի է:

«Եթե Թուրքիան այս հանցագործությունը մինչ օրս մերժում է, ապա դա սեփական տգիտության նշան է․ եթե Թուրքիան նույնիսկ Գերմանիայում է պահանջում աղավաղել պատմությունը, դա ուղղակի խելագարություն է: Կոնստանցում պատմական ճշմարտության ու մշակույթի ազատության իրավունքի դեմ ուղղված մի աբսուրդ պայքարի ականատես ենք»,- նշում է հոգևորականը:

Հայկական համայնքն իր շնորհակալությունն է հայտնել Քրիստոֆ Նիքսին և Կոնստանցի թատրոնի ամբողջ թիմին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր բեմականացրին ստեղծագործությունը:

ՑՃՀ նախագահ, դոկտոր Թեսսա Հոֆմանի խոսքով, արդեն 40 տարի է՝ Գերմանիայում և այլ պետություններում թուրքական դիվանագիությունը ոտնձգությունների է ենթարկում մշակույթն ու ազատ խոսքը։

«Բացահայտ կենտրոնացված ժողովրդական զայրույթի միջոցով փորձ է արվում վախեցնել կազմակերպիչներին, որպեսզի միջոցառումները չկայանան, կամ օգտագործվեն որպես ամբիոն սեփական տեսակետն ու փաստերի աղավաղումը ներկայացնելու համար: Այդպես եղավ նաև Կոնստանցում, կամ

2011-ին Շտուտգարտի համալսարանում, որի ռեկտորը թուրքական պահանջի ներքո պարտավորված էր «իր» համալսարանում կասեցնել Օսմանյան կայսրությունում քրիստոնեաների Ցեղասպանությանը նվիրված միջոցառումը»,- ասել է Թեսսա Հոֆմանը, տեղեկացնում են տեղի հայկական համայնքից:

Նրան ամենից վրդովվեցրել է գերմանացի կազմակերպիչների «քաղաքացիական խիզախության պակասը, ովքեր թուրքական պետական ցեղասպանության մերժման ազդեցության ներքո այլ կողմ են քաշվում, ոչ անհրաժեշտ համաձայնությունների գնում, կամ աբողջովին հրաժարվում միջոցառումն իրականացնելուց»: Ըստ նրա, այդ, ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների կողմից պետական ճնշումն անընդունելի են մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների տեսակետից։

Photo: Michael Chompe
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---