Ապրիլի 21-25-ը Լեռնային Ղարաբաղում կանցնեն ականավոր հայ կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, 132 ֆիլմերի երաժշտության հեղինակ, ակադեմիական երաժշտության, օպերաների, բալետների հեղինակ Միքայել Թարիվերդիևի օրերը՝ «Երաժշտությունն իմ կյանքի մի կողմն է միայն» խորագրով:
Միջոցառման նախձեռնությունը ռուս պոետ Վիկտոր Կոնոպլյովինն է, իսկ միջոցառումների կազմակերպիչն է Ռուբեն Օսիպովը՝ ԼՂՀ կրթության ու գիտության նախարարության ռուսաց լեզվի գլխավոր մասնագետը:
Թարիվերդիևի օրերը կսկսվեն Բերձորում, հետո կշարունակվեն Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Ապրիլի 28-ին Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կանցնի Թարիվերդիևի ստեղծագործությունների համերգն և նրա անվամբ բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիևայի հետ հանդիպումը:
Միջոցառումների շրջանակում Արցախի ու Երևանի երաժշտական դպրոցները բարեգործական հիմնադրամից նվեր կստանան կոմպոզիտորի ստեղծագործությունների նոտաների ժողովածուներ: Միքայել Թարիվերդիևը ծնվել է Թբիլիսիում: Պապը` Գրիշա Հակոբովը, հողատեր էր,Դիդուբե թաղամասում աղյուսե մեծ տուն ուներ, Քուռ գետի ափին` մրգատու այգիներ,առևտրով էր զբաղվում: Թարիվերդիևի մայրը` Սաթոն, նրա 6 աղջիկներից մեկն էր: Հայրը` Լևոնը, ծագումով Ղարաբաղից էր, Թբիլիսի էր եկել Բաքվից, որտեղ սովորել էր ֆինանսական ակադեմիայում: Ըստ ընտանեկան ավնադույթի` Թարիվերդիևների նախնիները Հայաստան են եկել Չինգիզ խանի զորքի հետ, ուր եղել են մեծ թվով քրիստոնյաներ: Նրա նախա-նախա-նախապապը եղել է հազարապետ:
Սաթոն իր ամբողջ կյանքը նվիրեց որդուն: Նա երկար սպասված երեխա էր, միակը: Եվ եթե խոսելու լինենք այն գլխավորի մասին, ինչը ձևավորել էԹարիվերդիևին որպես մարդու, նրա աշխարհընկալումը, նրա բնավորությունը, ապա դա սերն էր: Մանկության տարիներին մոր սերը համադրվում էր խիստ դաստիարակության ու հարգված ընտանիքի ամբողջ դրվածքի հետ: Նա արտաքնապես էլ շատ էր նման մորը՝ շատ գեղեցիկ այդ կնոջը:
«Լավագույնն, ինչ կա իմ մեջ, ես մորիցս եմ սովորել: Իսկ ինչը վատն է, չեմ կարողացել սովորել նրանից»,-գրել է Միքայել Թարիվերդիևը «Ես ուղղակի ապրում եմ» գրքում: Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի թիվ 43 դպրոցում: Դպրոցի հիմնը նրա առաջին ստեղծագործությունն է (մինչև այժմ էլ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները երգում են այդ երգը): Թարիվերդիևը շարունակել է ուսումն ուսումնարանում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան):
Թարիվերդիևն ընդունվեց Երևանի կոնսերվատորիա, սակայն 1,5 տարի անց չդիմացավ ու հեռացավ Երևանից: Ինչպես գրել է նա ինքնակենսագրական գրքում, «գեղեցիկ վարդագույն քաղաքը չընդունեց ինձ»: Իրականում Երևանը լուրջ փորձություն էր նրա համար: Երևանը միշտ տարբերվում էր Թբիլիսիի այն արևշող, ուրախ, մի քիչ թեթևամիտ ու շատ արտիստիկ մթնոլորտից, որը տարիներ շարունակ Անդրկովկասի կենտրոնն է եղել: Թբիլիսիի մշակութային, մարդկային մակարդակը բոլորովին այլ էր: Թբիլիսին շարունակում էր մայրաքաղաք լինել իրեն հատուկ ոճով: Երևանն ավելի պարզ էր, փոքր, ավելի կենտրոնացած ազգայինի վրա: Թբիլիսիին դա դեռ երկար ժամանակ խորթ կմնա: Թարիվերդիևը չէր կարող հարմարվել Երևանում, թեև ջանում էր: Նա սկսեց հայերեն սովորել, և բավականին լավ էր տիրապետում լեզվին այն ժամանակ: Բայց Երևանում նա օտար մնաց, երկրորդ կարգի հայ, ինչպես նա գրել է իր հուշերում: Եվ հետո նրա բախտը չբերեց դասախոսի հարցում: Կոնսերվատորիայում այն ժամանակ այն ամենն, ինչ անմիջական կապ չուներ հայկական մեղեդիների օգտագործման հետ, կոսմոպոլիտիկ էր համարվում: Իսկ 1948 թվականին հրապարակվեց կոսմոպոլիտիզմի մասին որոշումը:
Միքայել Թարիվերդիևն առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։ Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների՝ 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով։
Նրա երաժշտությունը սովորաբար ճանաչում են առաջին իսկ տակտերից: Անկախ նրանից, թե ինչ ժանրով է այն գրված՝ լինի դա կինոյի, թատրոնի համար, օպերա կամ ռոմանս: Կոմպոզիտորը միշտ փնտրտուքի մեջ էր, միշտ ինչ-որ նոր բան էր հորինում, նոր խնդիրներ էր դնում իր առջև: 1960-ականներին, երբ մեծ հնչեղություն ստացան ռոմանսները Զառա Դոլուխանովայի կատարմամբ, նա երրորդ ուղղությունը հռչակեց: Դա մարտահրավեր էր ակադեմիականությանը մի կողմից, և մասսայական մշակույթին՝ մյուս կողմից: Բայց երբ այդ ուղղությունն ուրիշները որդեգրեցին, նա վերադարձավ կրկին ակադեմիական ժանրերին:
3 անգամ արժանացել է ՌԴ «Նիկա» կինոմրցանակին, ԱՄՆ երաժշտական ակադեմիայի մրցանակին: 1997թ. հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը: 1999թ-ից, 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթ: Ղեկավարել է ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան: Արժանացել է մի շարք պետական պարգևների ու մրցանակների, 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Սոչիում: Կոմպոզիտորը մահացել է 1996 թվականի հուլիսի 25-ին Սոչիում, թաղված է Մոսկվայի Հայկական գերեզմանոցում: