7  13.04.14 - ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է ՀՀ նորընտիր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը

Հայաստանի 13-րդ վարչապետին նշանակեցին՝ Հովիկ Աբրահամյանն է (թարմացված)

Հայաստանի 13-րդ վարչապետին նշանակեցին՝ Հովիկ Աբրահամյանն է (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը նոր վարչապետի պաշտոնում նշանակել է մինչ այս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին: Այս մասին ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ ու խորհրդի նիստերից հետո հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նախագահն իր համար նախընտրելի թեկնածուին ներկայացրել է ՀՀԿ Գերագույն մարմնի մոտ 20 անդամին, այնուհետև հրավիրված նիստում որոշումըմիաձայն քվեարկությամբ հաստատել է նաև ՀՀԿ քաղխորհրդի մոտ 160 անդամը։

Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի՝ նշելով, որ Կառավարության նոր կազմի վերաբերյալ կադրային քննարկում առայժմ չի եղել, բայց Հովիկ Աբրահամյանին քաղաքական մեծամասնությունն ազատ կադրային քաղաքականություն իրականացնելու ազատություն է տվել՝ ընտրելու համար կադրեր ոչ միայն կուսակցությունից, այլև հաշվի առնելով մասնագիտական հմտությունները։

Հարցին, թե ով է Հովիկ Աբրահամյանի փոխարեն զբաղեցնելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այսօր նման քննարկում չի եղել՝ հավելելով, որ հարցը կքննարկեն մինչև ապրիլի 28-ը կայանալիք ԱԺ լիագումար նիստը։

Մինչ այս Սերժ Սարգսյանը կոնսուլտացիաներ էր անցկացրել խորհրդարանական խմբակցությունների հետ, լսել նրանց կարծիքը։ Վերջերս խոսակցություններ էին գնում նաև ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի՝ կոալիցիա վերադարձի մասին։ Շարմազանովը ճեպազրույցում հարցին, թե արդյոք քննարկվել է կոալիցիոն կառավարության հարցը, նշեց, որ ՀՅԴ ու ԲՀԿ-ի ղեկավարների հետ այդ քննարկումները շարունակվում են․

«Պատրաստ ենք կառավարության կազմում ընդգրկել մեր գործընկերներին, բայց որոշողը ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն են»,- ասաց նա։

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։ Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

Հրաժարականից հետո որպես հավանական թեկնածուներ շրջանառվում էին հետևյալ անունները` Արմեն Գևորգյան, Արմեն Երիցյան, Կարեն Կարապետյան, Ռալֆ Յիրիկյան, Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Վիգեն Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան: Առաջինը հերքվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «տարբերակը»: Նրա մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ապրիլի 4-ին հայտարարել էր, որ շրջանառվող լուրը, թե Քոչարյանը վարչապետի թեկնածուներից մեկն է, իրականությանը չի համապատասխանում, գրում է Tert.am-ը:

Ապրիլի 6-ին Ծաղկաձորում մեկնարկած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովում ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նշել էր, որ նման առաջարկ չի ստացել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը նույնպես շտապել էր հերքել լուրը, թե Ռալֆ Յիրիկյանը կարող է դառնալ վարչապետ. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է «Ժամանակը»:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետի բացակայության ընթացքում նրան փոխարինում է փոխվարչապետը: Երկրի ղեկավարը վարչապետ է նշանակում Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:

Ըստ 55-րդ հոդվածի՝ վարչապետի՝ հրաժարական ներկայացելու կամ նրա պաշտոնի թափուր մնալու օրը նախագահն ընդունում է նաև Կառավարության հրաժարականը: Սահմանադրությամբ ամրագրված է, որ գործադիրի հրաժարականի ընդունումից հետո դրա անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր Կառավարության կազմավորումը, ինչը պիտի լինի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ կետով ամրագրված է, որ երկրի ղեկավարն Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը նշել է, որ Հովիկ Աբրահամյանի հետ պայմանավորվել են մի շարք աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին, տեղեկացնում են ՀՀԿ մամուլի գրասենյակից: Երկրի ղեկավարը թվարկել է դրանցից մի քանիսը․

ա. Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով:

բ. Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարևորագույն աշխատանքը:

գ. Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են.

-պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը,

-կրթական բարեփոխումների շարունակությունը,

-հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում,

-տեսչական բարեփոխումների ավարտը:

«Անշուշտ, մի քանի հարցեր թվարկեցի, պայմանավորվել ենք բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

դ. Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից:

ե. Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար. «պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունները պահպանվելու են հստակ, աշխատելու են «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում» բանաձևով:

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, այնուհետև ավելացրել․

«Ցանկացած պետական գործչի համար սեփական ժողովրդին բարձր պաշտոնում ծառայելը մեծ երջանկություն է, և ի շնորհիվ ձեզ այդ երջանկությանն արժանացել եմ և ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել:

Երկրորդը՝ ուզում եմ շնորհավորել նոր վարչապետին, նոր կաբինետին ցանկանալ բեղմնավոր աշխատանք և ես էլ, որտեղ էլ լինեմ, փորձելու եմ օգտակար լինել»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Իսկ նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է՝ ամբողջությամբ գիտակցում է, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում:

«Ինձ վստահ եմ զգում ձեր սատարմամբ, ուժեղ եմ մեր կուսակցությամբ և հավատում եմ մեր հաջողություններին:

Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մի զգալի մասն այսօր ապրում է ոչ բարեկեցիկ: Առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու` իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է: Սա է լինելու մեր բոլորի գերնպատակը: Եվ ձևավորվող Կառավարությունն է, որ պետք է ստանձնի պատասխանատվությունը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար»,- ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ ակնկալում է նաև կառուցողական աշխատանք Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ:

Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը․

1995-1999 թթ.-ը եղել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ 1996-ից՝ 1998-ն Արտաշատի քաղաքապետը, 1998-ից՝ 2000-ը՝ Արարատի մարզի մարզպետը։

2000-2008-ին նորընտիր վարչապետը տարածքային կառավարման նախարարն էր, 2007-2008-ին՝ Հայաստանի փոխվարչապետը։ Զբաղեցրել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2008-ի օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, նույն տարվա սեպտեմբերին՝ ԱԺ նախագահ։ 2011-ի նոյեմբերին հրաժարական է տվել, 2012-ի մայիսին նորից ընտրվել խորհրդարանի ղեկավարի պաշտոնում։

2005-ից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է։

Հովիկ Աբրահամյանը նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է ու ԵՊՀ կառավարման խորհրդի անդամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---