Առինջի խաչքարերը վնասվել են նոր հուղարկավորության պատճառով

Առինջի խաչքարերը վնասվել են նոր հուղարկավորության պատճառով

PanARMENIAN.Net - Հանրապետության մարզերում` Կոտայքի, Արարատի, Արմավիրի խնդիրներ են առաջանում պատմական գերեզմանոցների տարածքներում բնակչության կողմից նոր հուղարկավորություններ կատարելու առնչությամբ: Մասնավորապես վերջին օրերին սոցցանցերում տեղեկատվություն տարածվեց Կոտայքի մարզի Առինջ համայնքի գերեզմանոցի վերաբերյալ:

Հնագետ Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել ու գրել. «Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում: Սա նույնիսկ Հայաստանի սահմանային մարզերից մեկում չէ: Սա Առինջն է, որը կպած է Երևանին: Այն իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է: Խաչքարերի գեղարվեստական արժանիքներով՝ ակնհայտորեն առաջինը: Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Դա նշանակում, է, որ այստեղ արգելված է ցանկացած շինարարական-տնտեսական գործունեություն, փոփոխում կամ միջամտություն: Ու՞ր են պատասխանատուները, ու՞ր են մեր ժառանգությունը թմբակահարող ու նրա դրոշով արտասահմաններից տուն չեկող պաշտոնյաները: Ու՞ր է համայնքը: Ու՞ր է հայ մարդը, որի զավակները դպրոցում սովորում են հպարտանալ մեր անցյալով և մշակույթով: Եվ ո՞րն է տարբերությունը մեր և մեր ժառանգությունն ավերող թշնամիների միջև»:

Ապրիլի 16-ին մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, թե 2014 թ. ապրիլի 10-ին «Պահպանության ծառայության» ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրվել է նոր գերեզմանոցի պարսպապատում, տարածքում տնտեսական աղբի կուտակում: Խնդրի լուծման համար ծառայության պետը գրավոր դիմել է ոստիկանություն, հանդիպել Առինջ համայնքի ղեկավարին:

Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին խոստացան վաղը պատասխանել, թե ինչ փուլում է գործի քննությունը, իսկ մշակույթի նախարարությունից հարցին, թե երբ են ցանկապատելու ու ինչ քայլեր են ձեռնարկվում խաչքարերը պահպանելու համար, ի պատասխան խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որին կփորձեն հնարավորինս շուտ պատասխանել։

Առինջի գյուղապետի տեղակալ Սամվել Մեսրոպյանը նշել է, որ հետևում են տարածքին, բայց քանի որ այն մեծ է ու ցանկապատված չէ, պահպանելու ոչ մի արդյունավետ միջոց չունեն. «Հսկողության կարգով ինչ կարողանում, անում ենք, պարբերաբար սանիտարական մաքրում ենք անում»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Տարածքն առանց խոչընդոտի մուտք են գործում և մարդիկ, և անասունները: Խաչքարերը դարերի պատմություն ունեն ու նույնիսկ քամուց վայր են ընկնում, այսինքն ոչ բոլոր դեպքերում են հուշարձանները միտումնավոր վնասվում, կոտրվում: «Բազմիցս դիմել ենք պետական տարբեր ատյանների: Մինչև չցանկապատվի, հնարավոր չէ պահպանել, իսկ համայնքային բյուջեն այդքան գումար չունի: Նույնիսկ եթե պահակ լինի, չի կարող ամբողջ տարածքը հսկել»,- նշել է գյուղապետի տեղակալը:

Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնադարյան գերեզմանոցը հարուստ է բազմաթիվ բացառիկ խաչքարերով: Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:

Առինջի գերեզմանոցի տարածքում կատարվող նոր հուղարկավորությունների վերաբերյալ հարցը նոր չէ, այն բարձրաձայնվել է դեռևս 2011-ից: Հուղարկավորության ևս մի դեպք արձանագրվել էր 2013 թ. սեպտեմբերին, ինչի մասին մարզային ծառայության պետը գրավոր ահազանգել է Առինջ համայնքի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետին` խնդրելով միջոցներ ձեռնարկել նոր հուղարկավորությունները կանխելու համար: Ոստիկանությունից տեղեկացրել են, թե քաղաքացիների խոսքով, հուղարկավորությունները կատարվել են ընտանեկան գերեզմանոցում: Ոստիկանության կողմից դա չի դիտվել որպես ապօրինի հողազավթում:

Առինջի գերեզմանոցի պահպանական գոտին ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատվել է 2011-ի նոյեմբերի 18-ին: ՀՀ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է ՏԻՄ մարմինների իրավասությունը, որով մասնավորապես ՏԻՄ մարմիններն աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի և դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում են լիազոր մարմնին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---