Forbes. Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից վեցը հայ են

Forbes. Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից վեցը հայ են

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ վեց հայ ձեռներեցներ ընդգրկվել են Ռուսաստանի ամենահարուստ 200 գործարարի ցուցակում Forbes ամսագրի վարկածով: Դրանում ներառված են Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, Ռուբեն Վարդանյանն ու Ալբերտ Ավդոլյանը: Վեց գործարարի կարողությունն ընդհանուր առմամբ գնահատվում է 10,7 մլրդ դոլար:

Ըստ Forbes-ի վարկանիշի, ցուցակում 26-րդը «Տաշիր» խմբի սեփականատեր 48-ամյա Սամվել Կարապետյանն է: Գործարարի կարողությունը գնահատվում է 4,3 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ այն ավելացել է կես մլրդ դոլարով:

«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 2,6 մլրդ դոլար, աճը կազմել է 0,2 մլրդ դոլար: Նա ցուցակի 40-րդ հորիզոնականում է:

Ցուցակի 98-րդ տեղում «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն է 1,1 մլրդ դոլարով, անկումը կազմել է 0,25 մլրդ դոլար: Նրա կրտսեր եղբայրը՝ «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը կապիտալի նույն ծավալով 99-րդ տեղում է:

Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը 124-րդն է վարկանիշում, նա բարելավել է դիրքը 60 կետով: Վարդանյանի ընդհանուր կապիտալը գնահատվում է 0,85 մլրդ դոլար, աճը կազմել է 0,85 մլրդ դոլար:

133-րդ տեղում է Wooden Fish Agency դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանը: Նրա ընդհանուր կարողությունը 0,75 մլրդ դոլար է:

Forbes-ի վարկածով 2014 թ. Ռուսաստանի ամենահուրստ գործարարը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Գազպրոմինվեստհոլդինգի» գլխավոր տնօրեն Ալիշեր Ուսմանովը՝ նա «Մետալինվեստ», «Մեգաֆոն», Mail.ru Group- հիմնադիրն է: Մեկ տարում նրա կարողությունն աճել է 1 մլրդ դոլարով՝ հասնելով 18,6 մլրդ դոլարի:

Երկրորդ տեղը վարկանիշում պահպանել է «Ալֆա գրուպ»-ի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը, որի կարողությունը 1,1 մլրդ դոլարից հասել է 17,6 մլրդ դոլարի:

Ռուսաստանի ամենահարուստ ձեռներեցների եռյակը եզրափակում է «Ռենովա» խմբի սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը, որը իր կարողությունը հասցրել է 17,2 մլրդ դոլարի և չորրորդից բարձրացել է երրորդ տեղը:

Մարտին Forbes-ը հրապարակեց 2014-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որտեղ ևս վեց հայ կա: Ցուցակում 328-րդը 96-ամյա Քըրք Քըրքորյանն է 4,5 մլրդ դոլարով, բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:: Քըրքորյանն իր ստեղծած Լինսի հիմնադրամով Հայաստանին ֆինանսապես ամենաշատն աջակցած հայն է: ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցանկում նա 113-ն է:

Ամսագրի վարկանիշի հաջորդ` 663-րդ տեղում «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովն է, որ 2,6 մլրդ դոլար ունի: 42-ամյա ռուսաստանաբնակ Խաչատուրովը 2013-ին 200 մլն դոլար է վաստակել:

1,9 մլրդ դոլար կարողությամբ միլիարդատերերի վարկանիշի 931-րդ տեղն է զբաղեցրել Էդուարդո Էռնեկյանը: Արգենտինահայ գործարարը մեկ տարում 100 մլն դոլարով ավելացրել է իր հարստությունը: Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա երկրորդն է: Էռնեկյանը բազմաբնույթ բիզնես գործունեություն է ծավալում Հայաստանում` Զվարթնոց օդանավակայանի կառավարումից մինչև գինիների արտադրություն և այլն:

Forbes-ի աշխարհի միլիարդատերերի ցանկում 4,3 մլրդ դոլարով 345-րդ տեղում է ռուսաստանաբնակ հայ գործարար և «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով նաև առաջատար դիրքեր է զբաղեցնում Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում:

Միլիարդատեր հայերից Forbes-ի ցուցակում վերջիններն են «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ, ռուսաստանաբնակ Սերգեյ ու Նիկալոյ Սարկիսովները, որոնցից յուրաքանչյուրը 1,1 մլրդ դոլարով զբաղեցրել են 1465-րդ հորիզոնականը: Նրանք միակ հայերն են, ովքեր 2013-ին անհաջողություններ ե ունեցել բիզնեսում` եղբայներից ամեն մեկն անցած տարի 350 մլն դոլար է կորցրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---