Առաջիկայում հայաստանցիները ՌԴ-ում կաշխատեն որպես ԵՏՄ անդամ երկրի քաղաքացիներ

Առաջիկայում հայաստանցիները ՌԴ-ում կաշխատեն որպես ԵՏՄ անդամ երկրի քաղաքացիներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի և օտարերկրյա մասնագետներից բացի հաջորդ տարվա հունվարի 1-ից Ռուսաստանում կհայտնվի աշխատողների նոր կատեգորիա՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների քաղաքացիներ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը «Եվրասիական տնտեսական հեռանկար» երկրորդ միջազգային համաժողովում:

«Նրանք կլինեն օտարերկրյա պետության քաղաքացիներ, բայց կաշխատեն ընդհանուր եվրասիական տարածքում: Բիզնեսն ու արհմիությունները պետք է նրանց հետ որոշակի հարաբերություններ կառուցեն»,- հայտարարել է Ալեքսանդր Շոխինը:

Փոփոխություններ կպահանջվեն նաև միգրացիոն և աշխատանքային օրեսնդրության մեջ: Այժմ Ռուսաստանի գործատուներն ազատ աշխատանքի են ընդունում Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներին: Սակայն հեռանկարում Եվրասիական տնտեսական միությունն ընդլայնվելու է Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության շնորհիվ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ապրիլի 8-ին երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև փաստաթուղթ է ստորագրվել, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցությանն ու աշխատանքային գործունեությանը վերաբերող խնդիրները: Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ: Ավելի ուշ ՀՀ Պետական միգրացիոն ծառայութան պետ Գագիկ Եգանյանը պարզաբանեց, որ պայմանագրով նախատեսված դրույթների համաձայն ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել ՌԴ տարածքում առանց աշխատանքի թույլտվության և այլ փաստաթղթերի ու տեղեկանքների: Գործատուի հետ պայմանագիրն օրինական հիմք կծառայի Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների ներկայության համար: Ըստ նրա, պայմանագրի գործողությունը տարածվում է Ռուսաստանից բացի նաև Ղազախստանի ու Բելառուսի վրա, քանի որ նրանք ևս աշխատանքի ձևավորվող միասնական շուկայի մաս են կազմում: Կնքված համաձայնությունները հավանաբար ուժի մեջ կմտնեն 2015 թվականի հունվարի 1-ից, երբ Հայաստանը անդամակցի Միասնական տնտեսական տարածքին, սակայն, ըստ Եգանյանի, այսօր խնդիր է դրված այդ նորմերն երկկողմ իրավական հիմքի վրա կիրառել Հայաստանի ու Ռուսաստանի միջև որքան հնարավոր է շուտ:

Միևնույն ժամանակ, ստորագրված պայմանագիրը չեղյալ չի համարում ՀՀ քաղաքացիների համար 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ուղղումները, որոնց համաձայն օտարերկրացի քաղաքացին կարող է Ռուսաստանի տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, այդ ժամկետի լրանալուց հետո նորից երկիր կարելի է վերադառնալ 180 օրից:

2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտան ՌԴ միգրանտների մասին օրենքի փոփոխությունները, որոնցով մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, այդ ժամկետի լրանալուց հետո նորից երկիր կարելի է վերադառնալ 180 օրից: Մինչ այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք և մի քանի օրից նորից վերադառնալ ՌԴ:

Սակայն, Գագիկ Եգանյանը հավելեց, որ ռուսական կողմին առաջարկվել է Հայաստանի քաղաքացիների համար երկարացնել 90-օրյա ժամկետը մինչև 150 օր:

Փետրվարի վերջին տեղեկություն տարածվեց, թե Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։ Ռուսական գործակալություններից REX-ն այն ժամանակ գրել էր, թե որոշվել է փոփոխություններ անել համաձայնագրի 4-րդ հոդվածում՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրելով ժամանակավորապես գտնվել տվյալ երկրների սահմաններում 180-ից 150 օրվա ընթացքում։ Նման արձանագրությունը փաստացի կդադարեցնի Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգը։

Փոփոխությունները ենթադրում են, որ մեկնելով Ռուսաստանից 5 ամիսը լրանալուն պես, հնարավոր կլինի վերադառնալ արդեն մեկ ամսից: Համաձայնության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն այժմ քննարկվում է Ռուսաստանի ու Հայաստանի համապատասխան գերատեսչություներում:

Այդ օրերին ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը՝ այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար:

«Հայաստանն ըմբռնումով է մոտենում ՌԴ ձեռնարկած միջոցներին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համատեքստում, սակայն հաշվի չեն առնված Մոսկվայի ու Երևանի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության կարևոր նրբությունները»,- ասվում էր Բաղդասարյանի նամակում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---