Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ. Մասնակիցները բաց նամակ են հանձնել նախագահին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Ազատության հրապարակից արդեն 15-րդ անգամ մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ, որը, ինչպես միշտ, կազմակերպել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միությունը: Երիտասարդներն այս անգամ էլ իրենց ջահերը վառեցին Թուրքիայի այրվող դրոշի կրակից: «Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար: Մենք մեր հայրենիքի բռնագրավված հատվածն ենք պահանջում: Այսօր թուրքիայի վարչապետը հայտարարություն է տարածել, քանի որ վախեցել է ձեզնից և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցող նմանատիպ երթերից և փորձել է խաբել աշխարհին՝ ներողության փոխարեն ցավակցություն հայտնելով, կարծես թե երկրաշարժ է եղել, և մարդիկ են մահացել: Մենք «Ո´չ» ենք ասում ժխտողական քաղաքականությանը և շարունակելու ենք պայքարը: Մեր պահանջն է՝ արդարություն, հատուցում, ճանաչում»,- Ազատության հրապարակում իր ելույթում նշել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, գրում է Tert.am-ը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի նախօրեին զարմացրել է բոլորին՝ պատմության մեջ առաջին անգամ նա իր պետության անունից ցավակցել է 20-րդ դարեսկզբին «իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին: «Օսմանյան կայսրության ամբողջ բնակչության՝ այդ թվում հայերի ցավը կիսելն ու նրանց հիշողությունները հասկանալը մեր մարդկային պարտքն է»,- իր հայտարարությունում, որը թարգմանվել է 8 լեզվով, այդ թվում՝ արևմտահայերեն ու արևելահայերեն, նշել է Էրդողանը։ Թուրքիայում տեղի ունեցածն այդ երկրի վարչապետը ձևակերպել է որպես «1915 թվականի իրադարձություններ» և «ընդհանուր ցավ» որակել: «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղած ցավալի իրադարձոթյունները բոլորիս ընդանուր վիշտն են: Պատմության այդ ցավալի շրջանին արդարամիտ հիշողության տեսնակյունից նայելը մարդկային և գիտական պատասխանատվություն է»: Էրդողանի գրասենյակի տարածած հայտարարությունում նշվում է, թե 1915 թվականի դեպքերի վերաբերյալ բազմակարծություն է Թուրքիայում, ինչը կարևոր է խոսքի ազատության տեսանկյունից։ Նրա խոսքով, անընդունելի է, որ 1915-ի դեպքերը քաղաքական կոնֆլիկտներ ստեղծելու համար Թուրքիայի դեմ որպես պատրվակ օգտագործվեն: Այնուհետև երիտասարդները ջահերով, հայոց եռագույնով ու պաստառներով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերի հուշահամալիր: Ճանապարհին երիտասարդները երգել են ազգային-ազատագրական երգեր: Երթի ընթացքում ՀՅԴ երիտմիության անդամները ՀՀ նախագահի նստավայրի մոտ բաց նամակ են հանձնել նախագահի աշխատակազմի անդամին` ուղղված Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես նշվում է. «Մեծարգո պարոն նախագահ, - Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռևս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը, - Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ, - Նկատի ունենալով «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ՀՀ նախագահի՝ 2010 թվականի ապրիլի 22-ին հրամանագիրը, - Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 21-ին Ձեր այն հայտարարությունը, համաձայն որի, եթե Թուրքիան մոտ ժամանակներում չվավերացնի փաստաթղթերը, Հայաստանը կարող է վերանայել որոշումը, հանել Ազգային Ժողովի օրակարգից արձանագրությունները, հետ կանչել ստորագրությունը, - Հիմք ընդունելով ՀՀ նախագահի՝ 2011 թվականի հունվարի 17-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունը. այն է` «Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին», Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից»: Երթին միացած Հայ առաքելական եկեղեցու մի շարք հոգևորականներ իրենց հետ Ծիծեռնակաբերդի բարձունք տարան փայտե մեծ խաչ: Այնուհետև հուշակոթողի ներսում՝ Անմար կրակի շուրջը ծաղիկներ դնելուց հետո հոգեհանգստյան կարգ են մատուցել՝ 99 տարի առաջ թուրքական յաթաղանին զոհ դարձած 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան կարգի ավարտից և հոգևորականների հեռանալուց հետո երթի մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ: Արդեն 15 տարի ապրիլի 24-ի նախօրեին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ջահերով երթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության հուշահամալիր: Կազմակերպիչները մեկնաբանում են, որ ջահը հաղթանակի, պայքարի խորհրդանիշ է: Երթն առաջին անգամ կազմակերպվել է 1999-ին և ունեցել ընդամենը 200-300 մասնակից: Վերջին տարիներին մասնակիցների թիվը հասնում է 10-12 000-ի: Տարիների ընթացքում երթը կորցրել է քաղաքական ենթատեքստը: «Դատապարտում, ճանաչում, փոխհատուցում» խորագրի ներքո անցկացվող երթին մասնակցում են երիտասարդներ` անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից: Երթն ավարտվում է գիշերը 23-24-ի սահմաններում: Երթին հաջորդում է հսկման գիշերը: Երթի մասնակիցները ջահերով շրջկալ են կազմում հուշահամալիրի մոտ, կրակ վառում` փորձելով իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել Թուրքիայի ու ամբողջ աշխարհի համար: Ջահերով երթեր են կազմակերպվում նաև Սփյուռքի գաղթօջախներում և Հայաստանի շրջաններում` Իջևանում, Գյումրիում, Վանաձորում, Սիսյանում, Կապանում և այլն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |