Սարդարապատում մարդաշատ էր. Պաշտոնյաները ծաղիկներ դրեցին հուշակոթողին

Սարդարապատում մարդաշատ էր. Պաշտոնյաները ծաղիկներ դրեցին հուշակոթողին

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է տոնին նվիրված միջոցառումներին:

Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Տոնակատարության շրջանակներում նախագահն ընդունել է Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը, հանդիսության մասնակիցների հետ դիտել տոնի առթիվ մշակութային կատարումը:

Տոնակատարությունից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման արարողությունը, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահ հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև` Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և հանձնել պարգևները:

«Այն փաստը, որ այս արարողությունը տեղի է ունենում Սարդարապատում, առանձնահատուկ խորհուրդ ունի: Սրանով մենք ընդգծում ենք մեր ժողովրդի տարբեր սերունդների կապն ու ժառանգականությունը: Սրանով մենք շեշտում ենք, որ մեծ հաշվով բոլորի արած գործը նույն ուղեծրում է: Դա հայոց պետականությունն է, նրա պատմությունն ու ներկան: Զինվորականը, ուսուցիչը, գիտնականը, արվեստագետը, բժիշկը մենք բոլորս մեկ ուղեծրում ենք, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Սիրելի՛ պարգևատրվածներ, մաղթում եմ ձեզ, որ ձեր գործով և վարքով արժանի լինեք այն սխրանքին, որ մեր նախնիները գործել են այս սրբազան դարձած վայրում: Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար և ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, գիտակցաբար ավելի շատ մարդկանց հրավիրեցինք այստեղ պարգևատրվելու, որովհետև, իրոք, ես համարում եմ՝ սա առանձնահատուկ տեղ է, և առանձնահատուկ շնորհ է այստեղ պարգև ստանալը»,- ասել է Հանրապետության նախագահը:

Սերժ Սարգսյանը Սարդարապատում նաև շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ` նշելով, որ 1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը:

«Ռուսաստանի հեղափոխական ցնցումները, առաջին աշխարհամարտի իրադարձությունները և անպատեհ այլ հանգամանքներ ստեղծել էին մի իրավիճակ, երբ մենք մնացել էինք մենակ բազում մարտահրավերների առջև: Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում շարունակվում էր, ռուս-թուրքական ռազմաճակատը վերածվել էր հայ-թուրքական ճակատի: Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք: Այդ սխրանքը գործեցին հայ ռազմիկները, քաղաքական գործիչները, շինականները, հոգևորականները, մտավորականները, հայության ամբողջ մի սերունդ: Չսպասված, չծրագրված, չնախապատրաստված և խորքում՝ ողբերգական մայիսի 28-ը նրանք վերածեցին ազգային զարթոնքի: Այն կոչված էր պատերազմի ու ցեղասպանության, սովի ու համաճարակների, գաղթականության և հուսահատության հովիտը՝ Հայաստանը, դարձնելու ազատ, անկախ, բարեշեն և ժողովրդավար երկիր:

Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում և գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած և հայության վերջին բեկորները փրկած նահատակների հիշատակի առաջ: Եթե մայիսյան հերոսամարտերում և մանավանդ Սարդարապատում հայերը պարտվեին, ապա թուրքական զորքերն անարգել մտնում էին Էջմիածին և Երևան: Եթե այդքանից հետո աշխարհի երեսին մնար հայ պատմաբան, ապա նա առանց մեծ դժվարության կարող էր հիմնավորել, որ հայերի հաղթանակը օբյեկտիվորեն անհնար էր: Բոլոր փաստերը և ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ: Ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը: Հավերժ փա՛ռք և խոնարհու՛մ բոլոր անվանի և անանուն հերոսների պայծառ հիշատակին»,- շեշտել է նախագահը` բոլորին մաղթելով տոնական բարձր տրամադրություն:

Օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել նաև Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը` նշելով. «1918 թվականին մեր ժողովուրդը մայիսյան հերոսամարտերում հոգին ի բուռն պաշտպանեց հայրենի երկիրը և բարդ ու դժվարին իրավիճակի մեջ հաստատեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Պետականության վերականգնումը արգասիքն էր մեր ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարի, անկոտրում հավատքի և միասնականության ոգու:

Հանրապետության օրը հրավեր ու քաջալերություն է մեզ այսօր` ամենայն նախանձախնդրությամբ հոգալու մեր պետականության զորացման, մեր երկրի բարգավաճման, մեր ժողովրդի բարօրության և ազգային մեր իղձերի իրագործման համար»,- ասվում է Վեհափառի ուղերձում, հայտնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը։

Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հակառակ առկա մարտահրավերներին, պետք է շարունակենք հետևողական ջանքերով, աննահանջ ոգով կերտել հայրենի պետականությամբ հիմնամուր մեր նոր կյանքը, երջանիկ ու պայծառ մեր գալիքը:

Շնորհավորական ուղերձ է հղել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը` նշելով, որ96 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ այն, ինչին մեր ժողովուրդը սպասել էր դարեր շարունակ:

«Մենք կրկին վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու, չնայած առկա բազում դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մե՛ր պետությունը` Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Աշխարհն այդ օրը կրկին լսեց հայի մասին, իմացավ, որ մենք կանք ու որ լի ենք մեզ պաշտպանելու, մեր ապագան ինքներս կերտելու անկոտրում վճռականությամբ:

Եվ այսօր, նշելով մեր առաջին հանրապետության օրը, մենք նաև խոնարհվում ենք բոլոր այն հերոսների հիշատակի առջև, ովքեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և այլուր իրենց կյանքի գնով ապահովեցին հանրապետության կայացումն ու աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իսկապես անպարտելի է սեփական երկրի, հայրենիքի համար կռվող, իր օջախն ու արժանապատվությունը պահող հայ զինվորը: Նաև նրանց օրինակն էր, որ, ոգեշնչելով մեր նորօրյա հերոսներին, մեր ժողովրդին բերեց մայիսյան մյուս պանծալի հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը»,- նշել է քաղաքապետը` բոլորին մաղթելով քաջառողջություն, խաղաղություն, հաջողություն:

Տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձում էլ նշվում է, որ Առաջին Հանրապետությունը վերականգնված հավատ էր սեփական ուժերի, ինքնուրույն ապագայի և ազգային միասնության ուժի հանդեպ:

«20-րդ դարի հայկական առաջին պետությունը դարձավ մնայուն երևույթ մեր ժողովրդի պատմության մեջ և վստահելի ուղեցույց նրա հետագա ճանապարհին, որը ձգվում է դեպի հաստատուն վաղվա օր»,- նշել է ԱԺ նախագահն ու մաղթել երկրին ու ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն, նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---