2 հունիսի 2014 - 21:58 AMT
Դիզվառելիք չեն ներարկել, բայց այլ խնդիրներ կան․ Արսեն Խոջոյանին հետազոտել են

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ադրբեջանում գերեվարված Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Արսեն Խոջոյանը հայկական կողմին էր հանձնվել ապրիլին և արդեն տասն օր է` Սևանում էր` անասնապահությամբ զբաղվող հորն օգնելու նպատակով: Վերջերս նա բողոքում էր ինքնազգացողությունից՝ ընդհանուր թուլություն, անքնություն, ոտքերի ցավ, երբեմն նաև քթից արյունահոսություն: Առողջապահության նախարարի հանձնարարությամբ նախարարության բուժվարչության պետի ուղեկցությամբ Խոջոյանը հունիսի 2-ին տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն` բուժզննություն ստանալու։ Երիտասարդին հետազոտել են թերապևտը, սրտաբանը, նյարդաբանը, մաշկաբանը և հոգեթերապևտը։ Խոջոյանն անցել է գործիքային մի շարք հետազոտություններ` էլեկտրասրտագրություն, ողնաշարի ռենտգեն, որովայնի և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կատարվել են նաև արյան ընդանուր և բիոքիմական լաբորատոր հետազոտություններ:

Հրազդանի ԲԿ-ի մասնագետները և առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն ու աշխատակիցները, քննարկելով հետազոտությունների արդյունքները, գնահատել են հիվանդի առողջական վիճակը՝ հիվանդի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների վարակ, կատարալ անգինա, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, լյումբագո` լումինալ հատվածի ցավեր, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա:

Նշանակվել է դեղորայքային բուժում, անհրաժեշտ դեղերը հատկացվել են։ Մասնագիտական խումբը եզրակացրել է, որ նա կարող է բուժումն անցնել ամբուլատոր պայմաններում` մնալով մասնագետների հսկողության ներքո:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ մի շարք հետազոտությունների արդյունքում որևէ վտանգավոր բան չի հայտնաբերել և օրգանիզմի թունավորման երևույթներ չկան։

«Այդ բոլոր հետազոտություններից, բժիշկների ուսումնասիրություններից գալիս ենք եզրակացության, որ Խոջոյանը մեզ ճիշտ է ասում՝ իրեն ոչ մի բան չեն ներարկել»,- ասել է Վարդանյանը։

Ըստ էության, հերքվում են մամուլի այն տեղեկությունները, որ նրան նավթ կամ այլ թունավոր նյութեր են ներարկվել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Ինքը՝ Խոջոյանը, ևս հերքում է դա: Բժիշկների պնդմամբ, եթե օրգանիզմում թունավոր որևէ նյութ լիներ, ապա երիտասարդի ներքին օրգաններն արդեն ախտահարված կլինեին։

Մինչև այդ մայիսի 29-ին Խոջոյանի առողջական վիճակի հարցը քննարկվել էր առողջապահության նախարարությունում, Ազգային ժողովում ճեպազրույցում հաջորդ օրը տեղեկացրել էր նախարար Արմեն Մուրադյանը:

Ըստ նախարարի՝ Խոջոյանը, ում առողջական վիճակը, ըստ հարազատների, վերջին օրերին վատացել է, մայրաքաղաք բուժման չի տեղափոխվել, քանի որ «առանց մարդու համաձայնության նրան տեղափոխել հիվանդանոց հնարավոր չէ»:

Հարազատները նաև կասկածներ ունեին, որ գերության մեջ գտնվելու ընթացքում Խոջոյանին դիզվառելիք են ներարկել: Ի պատասխան հարցի, թե արդյոք համապատասխան փարձաքննություն անցկացվել է, նախարարը նշել էր, որ չեն կարող փորձագիտական աշխատանք անել. «Նախարարությունը կարող է ուղղորդել այդ հիվանդի մոտ թե բժշկական անձնակազմ, թե նպաստել, որ այդ մարդուն տեղափոխեն բուժհիմնարկ, որտեղ նրան կօգնեն, բուժօգնություն կմատուցեն»,- ասել էր գերատեսչության ղեկավարը, գրում է «Փաստինֆո»-ն։

Նախարարը նաև վստահեցրել էր, որ միանշանակ Խոջոյանին բուժօգնության հարցում ամեն ինչով օգնելու են և զարմացել՝ լսելով դեղորայքի համար գումար չունենալու վերաբերյալ երիտասարդի ծնողների բողոքների մասին: