4 հունիսի 2014 - 13:42 AMT
Ազերիները փորձում են մրցակցել ԱՄՆ հայկական լոբբիի հետ

Ադրբեջանը պայքար է սկսել ամերիկացի օրենսդիրների շրջանում ազդեցության համար, գործի դնելով իր նավթային հարստությունը: 2013 թվականի սկզբից ԱՄՆ 17 նահանգներում օրենսդիր ժողովների անդամներն այդ նախկին խորհրդային հանրապետության հետ կապված բանաձևեր են ներկայացրել: Նրանց մեծ մասը վերաբերում է 1992 թ. Խոջալուի իրադարձություններին, որն ամենադաժան ու հակասական միջադեպերից է Ադրբեջանի պատերազմում հարևան Հայաստանի հետ, գրում է Buzz Feed-ը:

Գրեթե բոլոր նախաձեռնողները 2013 թ. մայիսին Բաքվում մասնակցել են Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքական խորհրդի կազմակերպած հավաքին: Բանաձևերը ներկայացվել և ընդունվել են Յուտա, Նյու Մեքսիկո, Թեննեսի, Կանզաս, Հարավային Դակոտա, Միսսուրի, Արկանզաս, Ինդիանա, Օկլահոմա, Տեխաս, Արիզոնա, Փենսիլվանիա, Միսիսիպի, Իլլինոյս, Արևմտյան Վիրջինիա, Վայոմինգ ոը Հավայներ նահանգներում և լավ են ընդունվել Ադրբեջանում՝ մի երկրում, որը կառավարում է կոռումպացված ռեժիմն ու որը հայտնի է մարդու իրավունքների բազմակի խախտումներով: Ադրբեջանինախագահ Իլհամ Ալիևը մինչ օրս խուսափում է միջազգային հսկողությունից ու քննադատությունից մարդու իրավունքների ոլորտում: Այս ամիս երկիրը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, որն առաջատար մարմին է Եվրոպայում մարդու իրավունքների հարցում, ընդդիմության ակտիվիստների հետապնդումների ֆոնի վրա: Միայն անցած ամսում Ալիևը դատապարտեց ութ երիտասարդ ակտիվիստների, որոնք 6-8 տարով ազատազրկվեցին, իսկ այժմ փորձում է դատել ևս հինգ մարդու, որոնք քննադատել են կառավարությանը Facebook-ում, ինչպես հայտնում է Human Rights Watch-ը:

Իմիջի բարելավման նպատակով Ադրբեջանն անցյալ տարի 2,3 մլն դոլար է ծախսել: ԱՄՆ-ում Ադրբեջանը լոբբինգ է իրականացնում երեք կազմակերպությունների միջոցով՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան, Ադրբեջանա-ամերիկյան միության ու Պետական նավթային ընկերության միջոցով, որը գրասենյակ է բացել Վաշինգտոնում:

Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը Վաշինգտոնում վարձել է Roberti + White ընկերությանը, որի միջոցով հովանավորում է կոնգրեսականների այցերը Բաքու: 2013 թ. մայիսին վերջին այցելության ժամանակ կոնգրեսականները նվեր ստացան ձեռագործ գորգեր, փողով ծրարներ ու չեխական բյուրեղապակյա սպասք: Նրանց թվում էին Օբամայի նախկին աշխատակազմի ներկայացուցիչներ Դևիդ Փլուֆը և Ռոբերտ Գիբսը, ինչպես նաև Օբամայի 2012 թ. ընտրարշավի մենեջեր Ջիմ Մեսինան:

Երբեմն կապը Բաքվի ու Խոջալուի վերաբերյալ բանաձևերի միջև ավելի ակնհյատ է: Թենեսիի ներկայացուցիչ Ջո Թաունսը հրավիրվել էր Բաքու 2013-ին և ստացել էր 10 հազար դոլար նախընտրական արշավի համար Հյուսթոնի ադրբեջանցիներից: Ճիշտ է, Թաունսը հերքում է կապը գումարի ու բանաձևի միջև:

Գյուլենի հետնորդ Քեմալ Օքսուզի գլխավորած Թուրքական խորհուրդը վճարել է օրենսդիրների ուղևորության համար: Օքսուզը գլխավորում է Ադրբեջանցիների բարեկամների վեհաժողովը (AFAZ) Հյուսթոնում SOCAR աջակցությամբ: Ճիշտ է, AFAZ փոխնախագահ Միլա Փերին Ջոնսը, Տեխասի նահանգապետ Ռիկ Փերիի քույրը, ժխտում է, որ Բաքու կատարած ուղևորությունը AFAZ-ն է ֆինանսավորել:

Օքսուզն ասել է Buzzfeed-ին, որ Խորհուրդը ուղևորություններ է կազմակերպում դեպի Թուրքիա, Ադրբեջան ու Ղազախստան, ապահովելու համար «այնտեղ կառվարական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության առաջնորդների, ԱՄՆ դեսպանության աշխատակիցների հետ հանդիպելու հնարավորությունը»: Թերթը պատմում է գրեթե բոլոր նահանգների այն օրենսդիրների մասին, որոնք ընդունել են Ալիևի հրավերն ու այցելել են Բաքու:

Փորձագետներն ասում են, որ ադրբեջանցիները ձգտում են մրցակցել ԱՄՆ հայկական լոբբիի հետ, ինչպես նաև ցույց տալ, որ ինչ-որ բան անում են: «Պետական մակարդակով լոբբինգն անիմաստ է, հիմնականում դա ներքին սպառման համար է»,-ասել է Էլմար Շախտախտինսկին, որը AFAZ-ին հակառկ է տրամադրված՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է Ալիևին հաճոյանալու համար:

«Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկվում ամբողջ աշխարհում կառավարման իր մեթոդների համար: Եվրոպայի խորհուրդը մայիսին քննադատեց Ադրբեջանին՝ նշելով, որ իրավիճակը ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնած պետությունում, մտահոգիչ է»,-եզրափակում է Buzzfeed-ը: