Կարմիր գծերի ներսում 5-ի փոխարեն կթույլատրվի անվճար կայանել 15 րոպե

Կարմիր գծերի ներսում 5-ի փոխարեն կթույլատրվի անվճար կայանել 15 րոպե

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկած որոշման նախագծին, համաձայն որի՝ վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից կդառնա 15 րոպե:

Կարմիր գծերի, արագաչափերի ու տեսախցիկների դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից» քաղնախաձեռնությունն ավելի վաղ ներկայացրել էր պատկան մարմիններից իրենց պահանջների ցանկը, որոնք չորսն են.

1. վերացնել կարմիր գծերը,

2. հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,

3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,

4. սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր, ընդունելի կանոնակարգ:

Բացի այդ, նույն որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սեփականատերերն ազատվում են ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Ըստ այդմ, վերոնշյալ անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից: Նույն որոշմամբ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար կնախատեսվեն հատուկ նշագրումներով առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը հունիսի 10-ին ԱԺ-ում հանդես են եկել համատեղ ասուլիսով և հրապարակել են իրենց`12 կետից բաղկացած հայտարարությունը: Կետերից մեկը պահանջում է վերանայել տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի վերաբերյալ օրենսդրությունը, սահմանել, որ տուգանքները չեն կարող գերազանցել նվազգույն աշխատավարձի 10 տոկոսը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով վճարովի ավտոկայանատեղիներին, ասել էր, թե փողոցային կայանումը պետք է բացառապես Երևանի քաղաքապետարանի գործը լինի, և բոլոր միջոցները պետք է մուտք գործեն քաղաքային բյուջե ու ծախսվեն մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատած հոդվածներով:

«Փաստորեն, մեր երկրում մասնավոր ընկերությունները մենաշնորհային գործունեություն են իրականացնում քաղաքապատկան տարածքներում և, գտնվելով հակամենաշնորհային օրենսդրության ու ծառայությունների դաշտից դուրս, չվերահսկվող գերշահույթներ ստանում: Ավելին` բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են ՀՀ պետական կառույցները: Այսինքն` մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները /ըստ մամուլի չհերքված հրապարակումների` այդ ընկերությունները փոխկապակցված են պաշտոնյաների հետ/: Սա անհեթհեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը և քաղաքակիրթ աշխարհի փորձին: Այստեղ կոսմետիկ միջոցները հարց չեն լուծի»,- ասել է Քոչարյանը, գրում է «Երկիրը»:

Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, թե ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երևան համայնքին վերապահված գործառույթ է և, հետևաբար, այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե։

«Սակայն դա չի նշանակում, որ օրենսդրության սահմաններում համայնքին վերապահված և քաղաքում իրականացվող բոլոր ծառայությունների մատուցումը պետք է կազմակերպվի և իրականացվի միայն ու միայն անմիջականորեն քաղաքապետարանի կողմից։

Տվյալ պարագայում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայության մատուցումը, մայրաքաղաքում իրականացվող մի շարք այլ ծառայությունների նման, մրցութային եղանակով պատվիրվել է մասնավոր կազմակերպության, իսկ քաղաքային բյուջե ամբողջությամբ մուտքագրված գումարներից վճարվում է մատուցված ծառայությունների դիմաց»,- ասել է քաղաքապետը, գրում է Tert.am-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---