Վրաստանում իշխանափոխությունից հետո, այնուամենայնիվ, շարունակում է բաց մնալ հետևյալ հարցը՝ արդյո՞ք Հայաստանը Վրաստանի համար եթե ոչ եղբայրական, ապա գոնե քրիստոնեական երկիր է, որի հետ պետք է բարեկամություն անել: Ավելի ճիշտ, ոչ թե պետք է, այլ ցանկալի: Իսկ ի՞նչ ենք տեսնում իրականում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի այցից հետո Բաքվում սկսեցին նյարդայնանալ: Նույնիսկ ոչ թե նյարդայնանալ, այլ հիստերիայի մեջ ընկնել. բա որ Վրաստանը վերցնի ու բացի երկաթուղային հաղորդակցությունն Աբխազիայի վրայով: Այդպիսի հարվածին ադրբեջանա-թուրքական տանդեմը կարող է և չդիմանալ: Միակ բանն, ինչ կարող է անել Բաքուն, դա շանտաժի փորձված մեթոդն է: Ադրբեջանի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն հայտարարել է. «Եթե այսօր Վրաստանում իշխանության գլուխ եկած ուժերը մտածեն իրենց հայրենիքի շահերի մասին, ապա երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի ու Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով չի լինի»: Շանտաժ համեմված «մերձավորի մասին հոգածությամբ»:
«Վրաստանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում մենք կիմանանք, թե ով է Ադրբեջանի բարեկամն, իսկ ով՝ թշնամին: Եթե նրանք չեն մտածում սեփական շահերի մասին, ապա ինչպես կարող են մտածել Ադրբեջանի շահերի մասին, որը դեմ է երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը դեպի Հայաստան»,-ասել է կուսակցության նախագահը:
Այս մեջբերման մեջ հետաքրքրականն այն է, որ Վրաստանը պետք է մտածի Ադրբեջանի մասին: Հասկանալի չէ միայն, թե ինչու: Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին, որն այժմ խորհուրդներ է տալիս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կարծես թե, ամեն ինչ արեց Վրաստանի իսլամականացման ու թուրքալեզու բնակչության ավելացման համար, էլ չասած այն մասին, որ որոշ տարածքներ նվիրեց Թուրքիային: Միանգամայն հնարավոր է, որ Բաքվին էլ է ինչ-որ բան հասել:
Այստեղ տեղին կլինի հիշել VI դարի Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատմությունը: Վրաստանն ու Ադրբեջանը 446 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունեն, որը դեռ սահմանազատված չէ: Երկկողմ միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին, իսկ 15 տարվա ընթացքում կատարվել է աշխատանքի միայն 70 տոկոսը: Իսկ հետո սահմանազատման գործընթացում անհաղթահարելի խոչընդոտներ առաջացան՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրը: Դավիթ Գարեջին վրացական քարանձավային վանքերի համալիր է, որը գտնվում է Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք, վրաց-ադրբեջանական սահմանին և ձգվում է 25 կմ: Վրաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանը կիսում է Դավիթ Գարեջիի վանական համալիրը երկու մասի: Ուստի վանքերի պատկանելության հարցն արդեն մի քանի տարի է չի հաջողվում լուծել:
Վրաստանում մեղադրում են ստեղծված իրավիճակի համար Միխայիլ Սահակաշվիլիին, և վրաց հանրությունը, շեշտելով, որ Սահակաշվիլիի գործողությունների պատճառով կորցրեց երկրի տարածքի 20 տոկոսն Աբխազիայիում ու Հարավային Օսեթիայում, այժմ ուշադրությունը սևեռել է նոր տարածքային խնդրի վրա: Բաքուն, որը համալիրը համարում է Ադրբեջանին պատկանող ալբանական մշակույթի հուշարձան, զգուշացրել է Թբիլիսիին, որ սահմանապահները կձերբակալեն դեռևս չսահմանազատված սահմանի բոլոր խախտողներին:
Ադրբեջանն, ինչպես միշտ, յուրացնում է այն, ինչ դուր է գալիս իրեն տարածաշրջանում, դե իսկ Վրաստանին այնուամենայնիվ հարիր չէ գնալ թրքական տանդեմի նախանշած ուղիով, որն ուղղակի կարող է ոչնչացնել այդ երկիրը: Եվ Հայաստանն այստեղ կապ չունի՝ այն ամենն, ինչ կարելի էր անել հայ-վրացական հարաբերությունները փչացնելու համար, Սահակաշվիլին արդեն արել է:
Իսկ երկաթուղին… Վաղ թե ուշ այն կբացվի, առնվազն, հույս կա: Իսկ չի բացվի, էլի աշխարհի վերջը չի լինի, Հայաստանը սովոր է հարևանների, որոնք մի բան ասում են, բայց միանգամայն հակառակն են անում: