30 հունիսի 2014 - 10:36 AMT
«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» հայտարարել է «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը, որը մարտական գործողություններ է վարում Իրաքում ու Սիրիայում, հայտարարել է իր կողմից վերահսկվող տարածքներում «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին:

«Շուրայի նիստում ISIS-ը որոշում է կայացրել Իսլամական խալիֆայության ստեղծման ու Աբու Բաքր ալ Բաղդադիին խալիֆ նշանակելու մասին»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Աբու Մուհամմեդ ալ Ադնանը: Ըստ նրա, Ալ Բաղդադին ընդունել է առաջարկը: Գրոհայինների ներկայացուցիչը նաև հայտարարել է ահաբեկչական կազմակերպության անվանումը կրճատելու մասին, այսուհետ այն կկոչվի «Իսլամական պետություն», հայտնում է Newsru.com-ը:

Աբու Բաքր ալ Բաղդադին (Իբրահիմ Ավվադ) Իբրահիմ Ալի ալ Բադրի), որն Իրաքում «Ալ Քայիդայի» օղակի առաջնորդն է, ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ընդգրկվել է առանձնապես վտանգավոր ահաբեկիչների ցանկում: ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 մլն դոլար է խոստանում ցանկացած տեղեկատվության համար, որը կօգնի հայտնաբերել ու ձերբակալել նրան:

2014 թվականի հունիսի սկզբին ISIS-ի գրոհայինները հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսում գտնվող մի շարք քաղաքների ուղղությամբ: Մի քանի գավառներ գրավելով և հայտարարելով Բաղդադի վրա արշավանքի մասին, նրանք սպառնալիքի տակ դրեցին Իրաքի պետության գոյությունը: Ի պատասխան կառավարությունը կամավորականների զորահավաք հայտարարեց, աշխարհազորայինների թիվը հասնում է 80 հազարի:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը պատասխանատու է բազում ահաբեկչական գործողությունների համար ամերիկյան ու ՆԱՏՕ-ի ուժերի դեմ Իրաքի տարածքում, իրաքցի զինվորականների, և նույնիսկ քաղաքացիական անձանց ու օբյեկտների դեմ: Նրա նպատակն է սունիների իսլամական պետության ստեղծումը Սիրիայի, Իրաքի ու Լիբանանի տարածքում:

Խմաբվորման վրա են տարածվում ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները, որոնք սահմանված են «Ալ Քայիդայի» և նրա հետ կապված կազմակերպությունների դեմ:

ԱՄՆ-ն կազմակերպությունը ահաբեկչական խմբավորում ճանաչեց 2014 թ. փետրվարին: 2014-ի հունիսի 16-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրինագիծ ներկայացրեց խորհրդարան Միացյալ Թագավորության տարածքում կազմակերպության գործունեությունն արգելելու մասին:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման շարքերում 10-15 հազար գրոհայիններ են կռվում: Ըստ փորձագետների, խմբավորման ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում թալանը, կողոպուտը, պատանդների դիմաց ստացվող փրկագինը: Բացի այդ, ISIS-ը, հավանաբար, ֆինանսավորվում է Պարսից ծոցի որոշ երկրների, մասնավորապես, Քաթարի ու Սաուդյան Արաբիայի կողմից, որոնք սատարում են Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարին:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը: