Բիրյուլովոյի մարդասպան՝ Ադրբեջանի քաղաքացի Զեյնալովը չի ճանաչում իր մեղքը

Բիրյուլովոյի մարդասպան՝ Ադրբեջանի քաղաքացի Զեյնալովը չի ճանաչում իր մեղքը

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանում Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը չի ճանաչել իր մեղքը 2013-ի հոկտեմբերի 10-ին Բիրյուլովոյում Եգոր Շչերբակովի սպանության գործով: Հունիսի 30-ին սկսվեցին այդ քրեական գործի դատական լսումները: Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, իսկ ամբաստանյալը հայտարարեց, թե իրեն մեղավոր չի ճանաչում, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Մայիսի 29-ին Մոսկվայի դատախազությունը հաստատեց Ադրբեջանի քաղաքացի, նախկինում դատված 29-ամյա Օրհան Զեյնալովի մեղադրական եզրակացությունը:

Զեյնալովը մեղադրվում է խուլիգանական դրդումներից սպանության մեջ, որի համար կարող է դատապարտվել 12-20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն, կախված հանցագործության ծանրության աստիճանից, որը որոշում է դատարանը:

Մայիսի սկզբին ՌԴ Քննչական կոմիտեն ավարտեց մեծ աղմուկ բարձրացրած Եգոր Շչերբակովի սպանության գործով հետաքննությունը:

Ըստ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի, «քննիչներն ամբողջությամբ վերականգնել են սպանության պատկերը»: Մասնավորապես, պարզվել է, որ դանակի հարվածներից բացի մեղադրյալը «առնվազն 20 հարված է հասցրել Շչերբակովին ձեռքով»: Քննիչները պարզել են նաև, որ Շչերբակովը, ցանկանալով «վերջ տալ միջադեպին, հեռացել է Զեյնալովից, սակայն վերջինս հանել է դանակն ու հարձակվել տուժածի վրա»: Ըստ Մարկինի, «Զեյնալովն ու նրա պաշտպանը ավարտել են ծանոթությունը քննության նյութերին և առաջիկայում այն պետք է ներկայացվի մեղադրական եզրակացության հաստատման համար, որից հետո կուղարկվի դատարան»:

Եգոր Շչերբակովի սպանությունը կատարվել է 2013 թ. հոկտեմբերի 10-ին: Ըստ քննության, գիշերը ժամը 2-ին մոտ Եգոր Շչերբակովը տուն էր վերադառնում ընկերուհու հետ: Շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում էր Շչերբակովը, նրան է մոտեցել մի անհայտ տղամարդ, որը վիրավորել է աղջկան: Տղամարդկանց միջև լեզվակռիվ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Շչերբակովը դանակով հարված է ստացել սրտի շրջանում: Հարձակվողը փախուստի է դիմել և հեռացել է հանցագործության վայրից:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ է դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանը, որը, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները շրջանի պարեկում են կազմակերպել: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում:«Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել սառնարանները, կոտրել կայանած մեքենաները, ջախջախել ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ:

Հոկտեմբերի 16-ին Զեյնալովին բերման ենթարկեցին Մոսկվա ուղղաթիռով մերձմոսկովյան Կոլոմնայից: Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին: Նրա ձերբակալությանն աջակցելու համար Զեյնալովի վարձակալած բնակարանի տիրոջը 1 մլն ռուբլի էին խոստացել ՆԳՆ-ում:

Օրհան Զեյնալովին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 150 հոդվածի 2-րդ կետով՝ «Սպանություն խուլիգանական դրդումով»: Սկզբում խոստովանական ցուցմունքներ տալոով, հետագայում նա հրաժարվել է դրանցից և ասել, թե հարձակման զոհ է դարձել ու պաշտպանվել է:

Օրհան Զեյնալովը աշխատանքի մշտական վայր Մոսկվայում չուներ և մասնավոր տաքսի էր վարում: Ինչպես ասվում է ՌԴ ՔԿ պաշտոնական հաղորդագրության մեջ, Զեյնալովը «չարաշահում է սպիրտային խմիչքները»: Քննիչները բնութագրել են նրան որպես ագրեսիվ ու բռնկվող:

Ինչպես հայտնի դարձավ քննության ընթացքում, դեռ 2011-ին Զեյնալովը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որի հետևանքով ծանր վնաս է հասցվել մարդու առողջությանը (ՌԴ ՔՕ 264 հոդված):

Ինչպես պարզեց դատարանը, լինելով «Գազել» մակնիշի բեռնատարի ղեկին, Զեյնալովը վրաերթի է ենթարկել մոտոցիկլիստին, որը հաշմանդամ է դարձել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---