Պուշկով. Ղարաբաղյան հարցում Ռուսաստանը չի կարող սատարել կողմերից մեկին

Պուշկով. Ղարաբաղյան հարցում Ռուսաստանը չի կարող սատարել կողմերից մեկին

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտությունը բարդ հակամարտություն է, ես կասեի նույնիսկ հետխորհրդային տարածքի ամենաբարդ հակամարտություններից է: Այստեղ հեշտ լուծում չկա»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում և ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակության նախագահ, ՌԴ Պետդումայի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: Ըստ նրա, Ռուսաստանը կարող է միայն հորդորել կողմերին փոխընդունելի լուծում գտնել:

«Հասկացեք, Հայաստանը մեր դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ մեր բարեկամն ու հարևանը, ուստի Ռուսաստանը չի կարող ղարաբաղյան հարցում սատարել կողմերից մեկին: Բայց կանենք մեզանից կախված ամեն ինչ այս հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է Պուշկովը, գրում է Haqqin.az-ը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-ին Երևանում անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրին` շեշտելով հակամարտության կարգավորման հարցում հետևողականության անհրաժեշտությունն ու նշելով, որ Ռուսաստանը, լինելով համանախագահող երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի և ՀՀ նախագահների միջև անցյալ տարի ծագած ուղղակի երկխոսությունը լինի շարունակական:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,- հայտարարել է նախարար Լավրովը: Նա նաև նշել է, որ ՌԴ-ն աջակցում է ցանկացած ճիգ, որը կբերի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորումը: Ըստ նրա, ինչքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, այնքան գործընթացը մեծ թափ կստանա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---