5  11.07.14 - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի մամուլի ասուլիսը

Ֆրանսիայի դեսպանը` Սարգսյան-Ալիև հանդիպման, ադրբեջանական դիվերսիաների, Բաքվին զենք վաճառելու ու Ցեղասպանության մասին

Ֆրանսիայի դեսպանը` Սարգսյան-Ալիև հանդիպման, ադրբեջանական դիվերսիաների, Բաքվին զենք վաճառելու ու Ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու պատրաստակամություն հայտնեն, Ֆրանսիան երկու նախագահների հանդիպման համար կապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Ընթացիկ տարվա մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց ընդունելու Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին:

Պատասխանելով հարցին` շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի պարագայում հնարավո՞ր է նպաստավոր պայմաններ ստեղծել, դեսպանը պատասխանել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկնարկային փաստաթուղթը մադրիդյան սկզբունքներն են, որոնց մեջ ներառված է երեք կետ, այդ թվում՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից: Նա նկատել է, որ հենց այդ պատճառով էլ երկու կողմին էլ հորդորվում է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, հարգել մադրիդյան այդ սկզբունքը:

Հարցին, թե ինչու հստակ չի նշվում այն կողմը, որը խախտում է հրադադարի ռեժիմը և մի՞թե դրա արդյունքում հրադադարի խախտման դեպքերն ավելի պարբերական չեն դառնում, Անրի Ռենոն պատասխանել է, որ դիվանագիությունը իրականացնելու համար կան հստակ կանոններ:

«Հենց այս սահմանված կանոնները պահպանելով է, որ քաղաքական բարձրաստիճան այրերն արտահայտում են իրենց կարծիքը: Կան խաղի կանոններ, որոնք ընդունված են բոլոր երկրների կողմից, այդ թվում` ԵԱՀԿ-ի: Հասկանում եմ ձեր հարցը, բայց դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոնները չեն»:

Մեկ այլ հարցի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, ինչպես ասել էր ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքը, Ռենոն պատասխանել է.

«Ցանկացած բանակցային գործընթաց բեղմնավոր լինելու համար նախնական շրջանում պետք է պահպանվի գաղտնիությունը: Ես` որպես Ֆրանսիայի դեսպան, ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանում տալ այդ հարցին: Սակայն կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի այլընտրանքային լուծում, քան խաղաղ ճանապարհը»:

Մայիսի 7-ին Ջեյմս Ուորլիքը ներկայացրեց փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը: Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին:

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի վերջին օրերին ձեռնարկած դիվերսիոն գործողությունները շփման գծում, դիվանագետը հիշեցրել է որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկնարկային փաստաթուղթը հայտնի Մադրիդյան սկզբունքներն են: Նա նշել է, որ դրանք 3 կետ են պարունակում, որոնցից մեկը ուժի գործադրումից ու դրա գործադրման սպառնալիքից ձեռնպահ մնալն է:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Նա նաև նշել է, որ Ֆրասիան չի կարող զենք կամ սպառազինության վաճառել Ադրբեջանին: Շարունակելով խոսքը` դեսպանն ասել է, որ թեև ինքը չունի նման տեղեկատվություն սակայն կարող է ասել, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, չէր էլ կարող հակառակը լինել, որ «չհարգեր, չպահպաներ այն բոլոր դրույթները, որոնք հաստատված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից. այն է՝ ձեռնպահ մնալ, կտրականապես մերժել զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»:

Ռենոյի խոսքով, Ֆրանսիան ցանկանում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում հայ-թուրքական հարբերությունների նորմալացման գործընթացում գրանցվի առաջընաց, որոշակի դինամիկա: Նա նշեց, որ Ֆրանսիան պատրաստակամ է սատարելու Հայաստանի բոլոր ջանքերը՝ կապված այդ հարցում առաջընթաց գրանցելու համար:

Որպես Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կողմնակից, Ֆրանսիան, ըստ նրա, որոշում է կայացրել օժանդակելու Շվեյցարային` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով վճռի բողոքարկման ընթացքում. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դրական որոշումն ինքնին արդեն վճռորոշ քայլ է լինելու, որպեսզի ընդունվիի օրենքը, որով կքրեականացվի Ցեղասպանության ժխտողականությունը»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը մեկնաբանելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար: Շվեյցարիան դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) վերանայելու այն վճիռը, համաձայն որի Շվեյցարիայի դաշնային դատարանը ոտնահարել է թուրք ազգայնական Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը, երբ նրան տուգանել է՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքելու համար: Համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը երկրի ռասսայական խտրականության օրենքի խախտում է:

Դեսպանը նաև նշել է, որ Ֆրանսիան հուսով է`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի ընդգրկուն կլինի:

«Հենց այս տրամադրվածությանը հավատարիմ մնալով՝ Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ցանկություն է հայտնել անձամբ Հայաստանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման, հիշատակման արարողություններին: Այս համատեքստում գոհունակությամբ եմ արտահայտվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոչին՝ ուղղված հարևան երկրի իր գործընկերոջը»,- նշել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---