24 մայիսի 2006 - 15:09 AMT
Ա-320-ի «սեւ արկղերի» վերծանումը կտեւի 15 օր
Սոչիի մերձակայքում կործանված «Արմավիա» ընկերության Ա-320-ի «սեւ արկղերի» վերծանումը կտեւի 15 օր` «սեւ արկղերը» Միջազգային ավիացիոն կոմիտեին (ՄԱԿ) հանձնելուց հետո, հաղորդել է ՄԱԿ-ի օդային տրանսպորտում հետաքննությունների կենտրոնի ղեկավար Ռուդոլֆ Թեյմուրազովը: Առաջին` խոսակցությունները գրանցող ինքնագրիչը հայտնաբերվել եւ վեր էր հանվել ծովի հատակից երկուշաբթի օրը, երկրորդը` պարամետրեր գրանցողը` լույս չորեքշաբթվա գիշերը: «Հայտնաբերված ինքնագրիչները մենք դեռեւս չենք ստացել, սակայն դրանք ստանալուց հետո, ինչպես ցույնց է տալիս փորձը, վերծանումը մասնագետների կողմից կարող է տեւել 15 օր»,-ասել է Թեյմուրազովը: Նրա խոսքերով, «սեւ արկղերը» Մոսկվա հասցնելու ժամկետը կորոշի կառավարական հանձնաժողովը: «Վթարի վայրում աշխատող կառավարական հանձնաժողովն այսօր ցերեկը որոշում կկայացնի ինքնագրիչները ՄԱԿ-ին տրամադրելու ժամկետների վերաբերյալ»,-նշել է փորձագետը: Նա պարզաբանել է, որ սարքերի պարունակությունը ուսումասիրելու է հենց ՄԱԿ-ը, արտերկրի մասնագետների մասնակցությամբ, որոնք մասնակցել են նաեւ ինքնագրիչների որոնումներին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
«Քաղավիացիայի օդանավերի հետ կատարված ավիացոին պատահարների միջազգային կանոններով, Ֆրանսիայի հետաքննությունների եւ վերլուծության բյուրոի մասնագետները մասնակցում են հետաքննությանը Ֆրանսիայի անունից` որպես օդանավը մշակած եւ կառուցած երկիր»,-ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
Մայիսի լույս 3 -ի գիշերը «Արմավիա» հայկական ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան-Սոչի չվերթը, կործանվեց Սեւ ծովում, Ադլերի օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (որոնց թվում են եղել Ռուսաստանի 26 քաղաքացիներ, Ուկրաինայի մեկ քաղաքացի, Վրաստանի մեկ քաղաքացի, մնացածը` Հայաստանի քաղաքացիներ էին) եւ անձնակազմի անդամները (ութ հոգի` երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):