Դատավորը որոշել է կալանավորել Հայրապետյանին` անտեսելով մահացու ախտորոշումը. Գործարարը տառապում է քաղցկեղով

Դատավորը որոշել է կալանավորել Հայրապետյանին` անտեսելով մահացու ախտորոշումը. Գործարարը տառապում է քաղցկեղով

PanARMENIAN.Net - Մահացու ախտորոշումը չի խանգարել աշխարհի ամենահարուստ հայերից մեկի` Լևոն Հայրապետյանի կալանավորմանը: Ինչպես գրում է Business FM-ը, Հայրապետյանի երեք պաշտպանները կտրականապես դեմ են եղել դատարանի` 2-ամսյա կալանք նշանակելու որոշմանը: Նրանք քննիչների փաստարկները դատարկաբանություն են անվանել և խնդրել են կալանավորման մասին միջնորդությունը մերժել:

Մոսկվայի Բասմանյան դատարանը հուլիսի 17-ին բավարարել է գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան:

Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա: Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ գտնվելով` Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև` ազդել քրեական գործով ներգրավված մասնակիցների վրա:

Պաշտպանները պատմել են, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում` քաղցկեղով: Վերջինս մտնում է 2011-ին հաստատված այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում մեկուսարանում գտնվելն անհնար է: Հայրապետյանի բուժող բժիշկը հաստատել է դա:

Կալանավորմանը այլընտրանք փաստաբաններն առաջարկել են որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը: Ինքը Հայրապետյանը նշել է, որ կասկածները ոչնչով հիմնավորված չեն, և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ:

Ի վերջո, մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելով, դատավորը որոշել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը:

Հայրապետյանի պաշտպանները հայտարարել են, որ անմիջապես բողոքարկելու են դատավորի որոշումը:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցում երկու վարկած է առաջ քաշում. կա՛մ ադրբեջանական ուղղություն է, կա՛մ հայաստանյան։

«Ռուսական ուղղություն բացարձակ չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանում գործարարներին բռնում են այն դեպքում, երբ ընդդիմադիր հոսանքների ֆինանսավորման խնդիր է լինում։ Այս հարցում Հայրապետյանը խիստ պասիվ է, ուստիև մնում է հայկական և ադրբեջանական տարբերակը»,- նշել է նա։

Ադրբեջանականը գործոնը նա տրամաբանական է համարում, իսկ հայաստանյան հետքի հարցում նա ոչ միայն հիշեցնում է Հայրապետյանի վերջին շրջանում իշխանություններին ուղղված քննադատությունները, այլ նաև ՀՀ պաշտոնական արձագանքը, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանի կողմից։

«Հայրապետյանը վերջին շրջանում խիստ քննադատում էր ու նաև փոփոխությունների մասին էր խոսում Հայաստանում և այդ առումով հետաքրքիր է ՀՀ-ի պաշտոնական չեզոք դիրքորոշումը, չհաշված Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, թե՝ «որ եթե մեղավոր է ոնց չբռնեն», այսինքն՝ նրանց համար ինքը մեղավոր է»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը, և շեշտել, թե սա այն դեպքում, երբ կա անմեղության կանխավարկած։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը բացի այդ նկատել է, թե այն հոդվածը, որով մեղադրանք են ներկայացնում Հայրապետյանի դեմ, շատ լղոզված է։ Մարտիրոսյանը հիշեցրել է հայաստանյան նմանօրինակ մեկ այլ դեպք՝ Վարդան Օսկանյանի՝ փողերի լվացման հոդվածը և այստեղից չի բացառել տարբերակը, որ ՀՀ իշխանությունները իրենց խնդիրը լուծելու համար նույնիսկ երրորդ երկրին են ներգրավում՝ այս դեպքում Ռուսաստանին, որպեսզի իրենց հայրենակիցների ակտիվությունը չեզոքացնեն, գրում է Tert.am-ը։

ՄիաժամանակԼևոն Հայրապետյանի փաստաբաններից Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, թե այս գործում որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

«Կա հարուցված քրեական գործ, կա նախաքննական մարմնի միջնորդություն և կա կալանավորելու որոշում: Որտե՞ղ է այստեղ քաղաքականությունը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Իրավապահ մարմիններում Rosbalt-ի աղբյուրները հայտնել են, որ Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 174 հոդված) և փողերի լվացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 160 հոդված) մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունները կատարվել են 2008-ին տեղի ունեցած «Բաշնեֆթ»-ի վաճառքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Իբրև թե Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել է Մակարովի ատրճանակի երկու տուփ փաթեթավորված փամփուշտ:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:

Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---