24 մայիսի 2006 - 15:56 AMT
Ռուսաստանի հայերի միությունը նոր նախագահ կընտրի
Ռուսաստանի հայերի միության համագումարը կկայանա հինգշաբթի Մոսկվայում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, ավելացնելով, որ համագումարը կլսի իր ներկայացրած զեկույցը 5-ամյա աշխատանքի վերաբերյալ եւ կանցկացնի ՌՀՄ նախագահի եւ կենտրոնական-վերահսկիչ հանձնաժողովի ընտրություններ: Այն հարցին, թե կառաջադրի արդյոք իր թեկնածությունը նոր ժամկետի համար, Արա Աբրահամյանը պատասխանել է. «Հայերը չեն ուզում թագավոր լինել, նրանք ուզում են թագավորների թագավորը լինել»: Նա պատմել է այն խնդիրների մասին, որոնք վաղը կքննարկվեն համագումարում` Ռուսաստանի հայ համայնքի համախմբում, այլ համայնքների հետ հարաբերությունների ամրապնդում, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդում եւ երիտասարդության դաստիարակություն ինտերնացիոնալիզմի ոգով: Նա ընդգծեց, որ խոսքը գնում է առաջին հերթին Ռուսաստանի երիտասարդության մասին: Նա գտնում է, որ երիտասարդության վրա առավելապես կարելի է ազդել լայնածավալ բացատրական աշխատանքի, կլոր սեղանների կազմակերպման միջոցով, ցանկություն հայտնեց, որ ռուսական հեռուստաեթերում հանդես գան տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ: Ըստ Աբրահամյանի, Մոսկվայում եւ Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքներում պետք է կիրառվի փողոցների վերահսկողություն խառը ազգային կազմ ունեցող միլիցիայի կողմից, ինչպես դա վաղուց արվում է ԱՄՆ-ում, հաղորդում է «Ռոսբալտը»: