Ադրբեջանցիները գնդակոծում են Տավուշի դաշտերը. Գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ

Ադրբեջանցիները գնդակոծում են Տավուշի դաշտերը. Գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական դիրքերից կրկին կրակոցներ են հնչում Տավուշի մարզի դաշտերի ուղղությամբ ու խանգարում գյուղատնտեսական աշխատանքներին: Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը հայտնել է, որ նախօրեին կրակել են դաշտում աշխատող տեխնիկայի վրա:

«Հացահատիկահավաք կոմբայնի վրա են կրակել: Կոմբայնավարները թաքնվել են, ուշ ժամի տարածքից հանել ենք, ուրիշ տարածք ուղարկել, որ անվտանգ է»,- ասել է նա:

Գյուղի վրա ևս կրակոցներ լինում են, բայց դրանք, համայնքի ղեկավարի խոսքով, այդքան չեն անհանգստացնում, որքան դաշտերի ուղղությամբ հնչողները. «Հիմա ցորենի և գարու բերքն ենք հավաքում, չեն թողնում, որ գյուղացին աշխատի»:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ևս նշել է, որ իրենց դաշտերի ուղղությամբ կրակոցներ կան, որոնք խանգարում են աշխատանքներին:

Ըստ Արարատ Ավալյանի` Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, որպեսզի միջնորդեն և գյուղացիները կարողանան անվտանգ շարունակել բերքահավաքը: Խնդրում են, որ Կարմիր Խաչը միջնորդի կամ մարդ ուղարկի, որ կազմակերպության մեքենայով կանգնեն տարածքում, գյուղացիներն էլ կարողանան աշխատել և բերքահավաքն անել:

Հուլիսի սկզբից ադրբեջանական կողմը մշտապես գնդակոծում է Տավուշի մարզի դիրքերն ու սահմանամերձ գյուղերը:

Հուլիսի 4-ի առավոտյան Պառավաքար գյուղում կրկին կրակոցներ են եղել՝ տուժողներ չկան։ Գյուղում հունիսի 28-ին հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում էր ստացել 16-ամյա Արմեն Բրուտյանը, ով աշխատում էր խաղողի այգում: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը:

Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի նշանառության տակ են,սահմանիցմի քանի հարյուր մետր հեռավորությամբ:

Դպրոցի ու մանկապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նախաձեռնել է պաշտպանիչ պատի կառուցում: Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել:

Հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերից արձակված կրակոցից դեմքի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել և տեղում մահացել Արցախի քաղաքացի Արվիդ Դանիելյանը, տեղեկացնում են ԼՂՀ գլխավոր դատախազությունից:

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը վերահսկում է Ասկերանի շրջանի դատախազությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---