Հետախուզության նախկին ղեկավարը պնդում է` իրենից թաքցրել են Դինքի սպանության մասին տեղեկությունները

Հետախուզության նախկին ղեկավարը պնդում է` իրենից թաքցրել են Դինքի սպանության մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում որպես հետախուզության ղեկավար պաշտոնավարած Սաբիր Ուզունն «Ակօս»-ի խմբագրի սպանության գործով դատավարության ընթացքում ուշագրավ խոստովանություններ է արել, տեղեկացնում է թուրքական Demokrat Haber կայքը:

Նա հայտարարել է, թե Դինքի սպանության վերաբերյալ ստացված հետախուզական տեղեկությունները ոստիկանության որոշ պաշտոնյաներ թաքցրել են իրենից: Նա հայտնել է, որ Էրհան Թունջելի տված տեղեկությունների հիման վրա պատրաստված F4 զեկույցը, որտեղ նշվում էր, որ Հրանտ Դինքը սպանվելու է, իրենից գաղտնի է պահվել, և ոստիկանության որոշ պաշտոնյաներ աչք են փակել Դինքի սպանության վրա:

Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության և խմբավորումների հարցերով գրասենյակի դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանը 8 ժամ հարցաքննել է Ուզունին, իսկ նրա՝ 11 էջանոց ցուցմունքում նշված է այն պատասխանատուների անունները, որոնք իրեն պետք է տեղեկացնեին Դինքի հնարավոր սպանության զեկույցի մասին:

Նախկին պաշտոնյան նշել է, որ այդ զեկույցին առնչվող բոլոր փաստերն ու ձայնագրությունները ջնջվել են:

«Եթե դրանք ջնջվել կամ փոփոխվել են, ապա դա արվել է էլեկտրոնային համակարգի 6-7 համակարգիչներից: Դա նշանակում է, որ փորձ է արվել արդարադատությունից թաքցնել իրականությունը: Հանցանքի մասին ապացույցները ոչնչացվել են»,-ասել է Ուզունը, րում է Tert.am-ը:

Ստամբուլում շարունակում է Տրաբզոնի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզի դատը, որին կասկածում են 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանն առնչվող փաստերը թաքցնելու մեջ: Ինչպես գրում է akunq.net-ը, ինքը Օզը ներկա չի եղել նիստին: Նիստին չեն մասնակցել նաև Դինքի ընտանիքի փաստաբան Հասան Բաքիրչիօղլուն և Օզի փաստաբան Ալի Սուրմենը: Այդ պատճառով դատական նիստը կրկին հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին:

Հունիսի 7-ին հաղորդագրություն տարածվեց, որ Թուրք պաշտոնյաները, որոնց մեղադրում են հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում անփութության և թերանալու համար, կարող են կրկին պատասխանատվության կանչվել, քանի որ Ստամբուլի դատարանը չեղյալ է համարել նախորդ որոշումը: Նախորդ որոշման համաձայն Ստամբուլի նախկին նահանգապետ Էրգուն Գունգորը, Ստամբուլի ոստիկանության ղեկավար Ջելաեդդին Ջերան, Ստամբուլի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը և ևս 6 ոստիկաններ անմեղ ճանաչվեցին 2007 թ. սպանության գործով:

Ստամբուլի դատարանը խորհուրդ է տվել վերսկսել հետաքննությունը 9 մարդու հանդեպ՝ հետևելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: Դինքի ընտանիքի փաստաբան Հասան Բաքիրչիօղլուն հաստատել է, որ ներկայումս հետաքննությունը կարող է իրավաբանորեն վերսկսվել, գրում է Hurriyet Daily News-ը:

2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սպանության գործով գլխավոր մեղադրյալ Էրհան Թունջելն ազատ արձակվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով մարտի 11-ին:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

«Էրգենեկոնի» և «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործերով նոր դատախազ նշանակվեց Մուրատ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքաշին, որին հեռացրեցին պաշտոնից 2014 թվականի հունվարին: Ինամն արդեն ստացել է գործերի բոլոր նյութերը:

Աքաշը հեռացվեց պաշտոնից, քանի որ մտադիր էր ընդլայնել կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյաների ցուցակը և քանի որ ինքն էր արտոնել «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները: Ստամբուլի ոստիկանապետ Սելամի Ալթինոկն այն ժամանակ հրաժարվեց կատարել դատախազի արտոնած ձերբակալությունները: Մուամմեր Աքաշը հունվարի 16-ին նշանակվեց աշխատանքի գլխավոր դատախազ Թեքիրդակի գրասենյակում Թուրքիայի Դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի որոշմամբ: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---