Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին. Ուորլիքն անհանգստացած է շփման գծում մահվան դեպքերի ավելացմամբ

Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին. Ուորլիքն անհանգստացած է շփման գծում մահվան դեպքերի ավելացմամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին աշխատանքային այցով Բրյուսել մեկնած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Հայաստանի ԱԳ նախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության ակտիվացման վրա։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլերով ավելի է սրում իրավիճակը՝ ակնհայտորեն հակառակվելով ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու վերաբերյալ միջնորդ երկրների ղեկավարների բազմաթիվ հորդորներին։

«Չնայած միջազգային հանրության արդեն հասցեական դարձող կոչերին` Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իր ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը` շինծու մեղադրանքներով հետապնդելով և բանտարկելով հաշտեցման ու խաղաղության օգտին արտահայտվող ադրբեջանցիներին, ինչը չի նպաստում բանակցություններում դրական մթնոլորտի ձևավորմանը»,-ընդգծել է նախարար Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ադրբեջանական իշխանությունները փորձում են երկրի ներսում կուտակած կոռուպցիոն փորձն ու հմտությունները տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ, սեփական հանրային կարծիքը մոլորության մեջ պահելու նպատակով ջանում են որոշ երկրներից կորզել հայտարարություններ, որոնք, գլխիվայր շուռ տալով բանակցային գործընթացի բովանդակությունը, վնասում են դրանց առաջընթացին:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Մինչև հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` նշելով. « Մենք ձգտում ենք կարգավորման` բանակցությունների միջոցով»:

Ուորլիքն ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույթում մտահոգություն է հայտնել շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ.

«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանում, ինչպես նաև շփման գծում ցանկացած կորստի համար: Մահվան հանգեցնող միջադեպերը «հետընթաց են» կայուն խաղաղության որոնման մեր ջանքերի համար»,- նշել է նա:

Հարցին, թե սահմանին լարվածության նման աճի պայմաններում հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր է արդյոք, Ուորլիքը պատասխանել է.

«ԱՄՆ-ն և Մինսկի խումբը պատրաստ են օգնել կողմերին խաղաղ լուծում գտնելու հարցում: Ռազմական լուծում գոյություն չունի: Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել նախարարներ Է. Նալբանդյանի և Է. Մամեդյարովի հետ՝ քննարկելու հետագա քայլերը»:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Փարիզ հրավիրելու հարցին, Ուորլիքը նշել է, թե հույս ունեն, որ նախագահները կընդունեն այդ հրավերը:

Ընթացիկ տարվա մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց ընդունելու Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին:

«Երբ նախագահները հանդիպեցին Վիեննայում, մենք տեսանք, որ առաջընթաց հնարավոր է: Մենք հավատում ենք, որ քննարկումների շարունակությունը կարևոր առաջընթաց կարձանագրի՝ ուղղված խաղաղության հաստատմանը: Համանախագահները պատրաստ են տրամադրել ցանկացած օգնություն »,-ասել է նա:

2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի վերջին երկու տարում առաջին հանդիպումը՝ առանձնազրույցը: Ավելի ուշ նրանց միացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո համանախագահները հանդիպման արդյունքներով հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է, թե առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանն և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Ուորլիքը նաև նշել է է, որ ԵԱՀԿ ֆրանսիացի նոր համանախագահ Պիեր Անդրիեն արդեն ստանձնել է լիազորությունները:

Բրյուսելում համանախագահները հանդիպել են նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման սկզբունքները, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի գործընթացի արագացման հնարավոր ուղիները, հաղորդում է Trend գործակալությունը:

Ավելի ուշ Ուորլիքն իրTwitter-ի միկրոբլոգում գրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ուղևորվում է Վիեննա` ԵԱՀԿ ղեկավարության հետ ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկելու: Նրա խոսքով` համանախագահները հանդես են գալու հրադադարի ռեժիմի երջին խախտումների մասին հայտարարությամբ:

Photo: twitter.com/tbalayan
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---