25 մայիսի 2006 - 14:47 AMT
Վլադիմիր Ժիրինովսկի. Ղարաբաղը կգնա Չերնոգորիայի ճանապարհով
Նախկին ԽՍՀՄ տարածքում առաջացած չճանաչված հանրապետությունները կգնան Չերնոգորիայի ճանապարհով, գտնում է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: «Աբխազիան, Մերձդնեստրը եւ Ղարաբաղը կընթանան Չերնոգորիայի ուղիով: Չերնոգորիայում անկախության հռչակման մասին հանրաքվեն նախադեպ դարձավ միջազգային իրավունքում»,-Մոսկվայում լրագրողներին է հայտարարել Վ.Ժիրինովսկին Ռուսաստանի հայերի միության երրորդ համագումարից առաջ: «ժամանակը կգա եւ Հարավային Կովկասում որոշումներ կկայացվեն հանրաքվեների մասին, եւ, օրինակ, Ղարաբաղը կանկախանա»,-հավելել է Ժիրինովսկին: Ղարաբաղը լիակատար իրավունք ունի դառնալ անկախ պետություն, իսկ որ Բաքվում չնեղանան, այն կարող է չմտնել Հայաստանի կազմի մեջ, այլ ունենալ նրա հետ դաշնային հարաբերություններ»,-գտնում է Ժիրինովսկին: Նա նաեւ հիշեցրել է, որ Աբխազիան Ռուսաստանին է միացել Վրաստանից առաջ, մտնելով Ռուսական կայսրության կազմի մեջ որպես Աբխազական թագավորություն: «Մերձդնեստրը ոչ մի կապ չունի Մոլդավիայի հետ: Տիրասպոլը եւ Մերձդնեստրի մյուս քաղաքները ստեղծվել են ռուսների կողմից եւ Մերձդնեստրը կարող է ժամանակի ընթացքում միանալ Ռուսաստանին»,-նշել է Ժիրինովսկին:
Մայիսի 21-ին Չերնոգորիայում անցավ անկախության հանրաքվե: Չերնոգորիայի անկախության համար դաշինքը հավաքեց ընտրողների քվեների 55,5 տոկոսը, այն դեպքում երբ պետական ընկերակցության կողմնակիցները հավաքեցին 44,5 տոկոս, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: