25 մայիսի 2006 - 19:33 AMT
Բաքվում պնդում են, որ Վլադիմիր Ժիրինովսկին ինքն էլ չի հավատում իր ասածին
«Արդեն առաջին անգամը չէ, որ Վլադիմիր Ժիրինովսկին իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որոնք հակասում են ոչ միայն նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների սկզբունքներին, այլ նաեւ Ռուսաստանի միջազգային դոկտրինային ընդհանրապես: Ասելով, թե Լեռնային Ղարաբաղը կարող է անկախանալ, Վ.Ժիրինովսկին անում է մի հայտարարություն, որը հակասում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողաջականությունը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: Նրա խոսքերով, «նման տիպի հայտարարությունները միայն բարդացնում են Ռուսաստանի դիրքորոշումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի»: «Ես չգիտեմ, թե ինչն է դրդել Վ.Ժիրինովսկուն նման տարօրինակ հայտարարություն անել, սակայն այն չի արտահայտում ոչ միայն պաշտոնական Մոսկվայի տեսակետը, այլ նաեւ ռուսական Պետդումայի տեսակետը, որի փոխխոսնակն է Վ.Ժիրինովսկին եւ, ըստ իս, նույնիսկ իր գլխավորած կուսակցության տեսակետը: Բացի այդ, անթույլատրելի է զուգահեռների անցկացումը Չերնոգորիայի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակը զուգառեներ է փնտրում այնտեղ, որտեղ դրանք չկան: Այդ կապակցությամբ հարց է ծագում` ինքը Վ.Ժիրինովսկին հավատո՞ւմ է իր ասածին: Ըստ իս, ոչ»,-հավաստիացնում է Թ.Թաղիզադեն:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե նախկին ԽՍՀՄ տարածքում առաջացած չճանաչված հանրապետությունները կգնան Չերնոգորիայի ճանապարհով: «Աբխազիան, Մերձդնեստրը եւ Ղարաբաղը կընթանան Չերնոգորիայի ուղիով: Չերնոգորիայում անկախության հռչակման մասին հանրաքվեն նախադեպ դարձավ միջազգային իրավունքում»,-Մոսկվայում լրագրողներին է հայտարարել Վ.Ժիրինովսկին Ռուսաստանի հայերի միության երրորդ համագումարից առաջ: «Ժամանակը կգա եւ Հարավային Կովկասում որոշումներ կկայացվեն հանրաքվեների մասին, եւ, օրինակ, Ղարաբաղը կանկախանա»,-հավելել է Ժիրինովսկին: Ղարաբաղը լիակատար իրավունք ունի դառնալ անկախ պետություն, իսկ որ Բաքվում չնեղանան, այն կարող է չմտնել Հայաստանի կազմի մեջ, այլ ունենալ նրա հետ դաշնային հարաբերություններ»,-գտնում է Ժիրինովսկին: