2 օգոստոսի 2014 - 14:58 AMT
Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից տարբեր ուղղություններով ձեռնարկվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:

Հայ դիրքապահների կազմակերպված դիմադրության և բարձր մարտական պատրաստականության ու բարոյակամային հատկանիշների շնորհիվ դրանք բոլորը ժամանակին հայտնաբերվել ու կանխվել են, իսկ վերջիններս, կրելով բազմաթիվ մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով նկատելի քանակությամբ սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ հետախուզադիվերսիոն գործողություն է ձեռնարկել: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի լույս 1-ի գիշերը հակառակորդը նույնպես դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել, որի արդյունքում հայտնել էր իր 8 զինծառայողի կորուստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության ու բազմաթիվ կորուստներ կրելով հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանք հետմահու պարգևատրվել ենՄարտական ծառայության մեդալով։Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Անհաջող հարձակման մասին լուրերից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե ադրբեջանական զինված ուժերում կորուստների մասին տեղեկությունն «անհիմն է»։ Բայց մոտ 3 ժամ անց նույն գերատեսչությունը հայտարարել է զինծառայող Ահմեդով Գարյագդի Էլդար-օղլուի մահավան մասին։ Ըստ նախարարության, «միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանի Չիրաղլի գյուղի մոտակայքում»։ Ավելի ուշ հակառակորդը հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանին Ղազախի շրջանում 1977-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ալմազով Իսա Զիյադ օղլուի մահվան մասին: