ԼՂՀ նախագահը՝ ՊԲ հրամկազմին․ Առաջնագծում իրավիճակի ապակայունացման փորձերը պիտի կասեցվեն

ԼՂՀ նախագահը՝ ՊԲ հրամկազմին․ Առաջնագծում իրավիճակի ապակայունացման փորձերը պիտի կասեցվեն

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որի ընթացքում ներկայացվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերին միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի մասին զեկույցներ:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ուղղված հակառակորդի առաջխաղացման փորձերն արդյունավետորեն կասեցնելուն ուղղությամբ ՊԲ հրամանատարության և անձնակազմի գործունեությունը, որի հետևանքով վերջինս՝ կրելով մեծ կորուստներ, նահանջել է ելման դիրքերը: Բակո Սահակյանի գնահատմամբ՝ ՊԲ գործողությունները ևս մեկ անգամ ցույց են տվել հայկական զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը:

Ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր:

Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել առաջին գիծ մեկնած արցախյան ազատամարտի վետերաններին՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ Արցախի ազատամարտիկների միության կատարած աշխատանքը:

Լսելով պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի՝ իրականացված գործողությունների, ներկայումս տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ զեկույցը՝ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել ՊԲ հրամկազմին: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից առաջնագծում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ պետք է կասեցվի՝ միաժամանակ նշելով, որ պաշտոնական Ստեփանակերտը եղել է և շարունակում է մնալ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից:

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։ Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---