Արցախի պաշտպանության նախարար, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը կոչով դիմել է Զինված ուժերի անձնակազմին: Դրանում, մասնավորապես, ասվում է․
«Վերջին օրերին հակառակորդը սկսել է աննախադեպ ակտիվություն դրսևորել շփման գծի ամբողջ երկայնքով` նպատակ ունենալով դիվերսիոն գործողությունների միջոցով մեր անձնակազմին պատճառել կորուստներ և ապակայնունացնել իրավիճակն առաջնագծում: Հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի դեմ մղված անհավասար գոտեմարտում ընկավ մեր 5 զինվոր, իսկ 7-ը վիրավորվեց: Սակայն հատուցման ժամը չուշացավ: Մեր պատժիչ գործողությունների արդյունքում հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով հակառակորդը կրեց զգալի կորուստներ` ընդհանուր առմամբ տալով 26 զոհ և 30-ից ավել վիրավոր:
Հակառակորդին ոչնչացնելու գործողություններին ակտիվորեն մասնակցել են նաև մի շարք ժամկետային զինծառայողներ, որոնցից շատերին դուք ճանաչում եք անձամբ: Նրանք համարձակորեն ներխուժել են հակառակորդի առաջնագիծ, նրան շրջանցել թիկունքից, պատվով կատարել իրենց խնդիրն ու անվնաս վերադարձել: Չեմ կասկածում, որ ձեզանից յուրաքանչյուրը ներքին ցանկությամբ երազում էր լինել նրանց փոխարեն: Դա նշանակում է, որ դուք ևս պատրաստ եք համարձակ գործողությունների, որի համար շնորհակալ եմ: Համոզված եղեք, որ սա նաև ձեր անձնական հաջողության արդյունքն է: Խոր ցավով կիսելով մեր զոհված զինծառայող զինվորների ծնողների ու հարազատների, մարտական ընկերների վիշտը, դիմում եմ ձեզ` զգոնությունը բարձրացնելու և գոտեպնդվելու, մեր դիրքերը գրոհող նենգ ու դավադիր հակառակորդին ձեր հրամանատարների հետ միասին սառնասրտորեն դիմավորելու և ոչնչացնելու կոչով: Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ: Նա սովորական մահկանացու է, որի գործողությունները բխում են միայն ու միայն ներքին անասնական վախի զգացումից ու հուսահատությունից: Չէ՞ որ ոչ վաղ անցյալում` Արցախյան ազատամարտի հերոսական տարիներին, մենք արդեն ծնկի ենք բերել նրան ու համոզված եղեք, որ էլի կբերենք: Արդեն բազմիցս ապացուցել ենք, որ հակառակորդի հատուկ նշանակության տարբեր ուսումնական կենտրոններում պատրաստություն անցած այսպես կոչված դիվերսանտների դեմ կանգնած մեր առյուծասիրտ ժամկետային զինծառայողները կարող են հրաշքներ գործել ու հիմա էլ գործում են: Ապացույցներ` որքան ուզեք:
2008-ի հունիսի 18-ին վեցերորդ պաշտպանական շրջանի շարքային Ղաբուզյանը սառնասրտորեն ոչնչացրեց մեր դիրքերը ներխուժած հատուկ նշանակային Մուբարիս Իբրահիմովին, որին հետագայում հռչակեցին Ադրբեջանի հերոս:
2010-ի սեպտեմբերի 4-ին հինգերորդ պաշտպանական շրջանի շարքային Մանուկյանը ձեռնամարտի բռնվեց մեր դիտակերտը ներխուժած մինչև ատամները զինված ազերի հաստագլուխ ենթասպայի հետ, որին խեղդեց իր հաղթնադամ բազուկներով, ապա գնդակահարեց:
2014-ի հուլիսի 31-ին յոթերորդ պաշտպանական շրջանի շարքային Քամալյանը բոլորովին անզեն, ձախ ուսից վիրավոր վիճակում ձեռնամարտի բռնվեց իր վրա հանկարծակի հարձակված հակառակորդի դիվերսանտի հետ, նրան պառկեցրեց թիակների վրա և սկսեց խեղդել, սակայն վրա հասած մյուս դիվերսանտը խանգարեց նրան, ինքնաձիգի խզակոթով, ապա դանակով մի քանի անգամ հարվածեց մեր զինվորին` ջարդելով նրա ծնոտը ու կողոսկրը, նույնիսկ այդ վիճակում մեր արիասիրտ զինակիցը շարունակեց իր կռիվը և արդյունքում հակառակյորդի չորս հոգանոց խումբն ուղղակի փախավ` թողնելով հարուստ ռամզավար ու թանկարժեք սարքավորումներ:
Ահա այսպես կարող է կռվել հայ զինվորը: Նրանք ձեզ նման երիտասարդներ են, ովքեր քաջ գիտակցում են իրենց անելիքը և հավատում իրենց ուժերին, հավատում են զենքի զորությանն ու չեն կորցնում զգոնությունը:
Նրանք փայլուն կերպով օգտագործեցին աստեղային ժամը, չկորցրեցին հերոսանալու պահը, որը տրվում է կյանքում մեկ անգամ, ճիշտ գնահատեցին իրավիճակը և գործեցին հստակ: Դրա վառ ապացույցն օգոստոսի 2-ին հինգերորդ պաշտպանական շրջանի մարտական դիրքի ուղղությամբ ծավալված մարտն է, որի ըթնացքում մեր դիրքապահներն արժանի հակահարված հասցրին հակառակորդին` նրան պատճառելով զգալի կորուստներ:
Զինակից ընկեր, մեր յուրաքանչյուր հաջողություն չպետք է ինքնահանգստացման պատճառ հանդիսանա, պետք է միշտ հիշել, որ հակառակորդը չի դադարեցնի տարբեր գործողություններով մեզ վնասներ պատճառելու իր վաղեմի մարտավարությունը, այն է՝ օգտվելով մեր սխալներից, հասնել արդյունքի: Այո, մենք չպետք է մոռանանք, որ նրա հաջողությունները մեծապես կախված են մեր բացթողումներից: Ո՞ր ուղղությամբ կհետևնի նրա հաջորդ ոտնձգությունը: Պատասխանը միանշանակ պարզ է, այն ուղղությամբ, որտեղ հակառակորդին չենք սպասում, ուրեմն ի գործ, դանդաղելը հավասարարազոր է պարտության:
Մեզ հետ է մեր հերոսների անպարտելի ոգին, որը հոգնություն չունի և վախկոտություն չի ճանաչում: Աստված մեզ պահապան»:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալներով օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ամբողջ երկայնքով հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:
Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։
Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:
Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։
Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին: