Պուտինը խոսել է Լուկաշենկոյի հետ. Հայաստանի անդամակցումը ՄՄ-ին չպետք է վնասի միության շահերին

Պուտինը խոսել է Լուկաշենկոյի հետ. Հայաստանի անդամակցումը ՄՄ-ին չպետք է վնասի միության շահերին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը տեղեկացրել է Լուկաշենկոյին տնտեսական միջոցների միասն, որոնք Ռուսաստանը ձեռնարկել է մի շարք ապրանքների մասով, որ ներկրվում են ՌԴ կազմակերպությունների և քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից: Նա հույս է հայտնել, որ Բելառուսը ըմբռնումով կմոտենա տնտեսական անվտանգության շահերից ելնելով ՌԴ ձեռնարկած քայլերին:

Իր հերթին Բելառուսի նախագահը նշել է, որ սահմանին լիակատար թափանցիկություն կապահովվի գործընկերային հարաբերությունների ոգով:

Նախագահները քննարկել են նաև գործակցության հարցերը ԵՏՄ շրջանակում և միության ընդլայնման հարցը: Հաստատվեց այն դիրքորոշումը, որ Հայաստանի անդամակցումը չպետք է վնասի ՄՄ շահերին:

Լուկաշենկոն և Պուտինը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի տնտեսության ոլորտում զարգացումների շուրջ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսի 7-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Պայմանագիրը կներկայացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Միանալու մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ՌԴ, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության միանալու մասին, ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:

Ռուսաստանի կառավարությունը նաև հավանություն է տվել ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրին, որը ՌԴ նախագահը պետք է ներկայացնի Պետդումայի վավերացմանը:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանադամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել էր, որ Հայաստանը մինչև 2015 թվականը պետք է անցնի Մաքսային միությանն անդամակցելու բոլոր փուլերը, դառնա այդ միավորման լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցի Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ըստ Սլեպնյովի, «Հայաստանի լիիրավ մասնակցությունը Մաքսային միությանը կնպաստի հայկական տնտեսության վերականգնմանը, որն այսօր այնքան էլ բարենպաստ վիճակում չէ»:

Անդրադառնալով ՄՄ-ին միանալու ժամկետներին՝ նախարարը նշել էր, որ «պետք է ձգտել, որ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համահիմնադիրը: Ուստի, մոտ 1,5 տարում հարկավոր է աշխատել Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ»: Նա չի թաքցրել, որ Հայաստանը, հավանաբար, «մի շարք հարցեր կունենա, գուցե բավականին բարդ, կապված օրենսդրության ունիֆիկացիայի, միջազգային պարտավորություններին ներդաշնակեցնելու առումով»:

Հուլիսի 5-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Երևանն ամբողջապես կատարել է իր բոլոր պարտավորությունները ԵՏՄ-ին անդամակցելու համար: «Մենք մեր կողմից լիովին կատարել ենք մեր պարտավորույթունները և կարծում ենք, որ դա տեղի կունենա ընթացիկ տարում»,-ասել է վարչապետը: Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, հավանաբար, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին, ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպմանը»,- նշել է Իդրիսովը:

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջպետական համաձայնեցման է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

«Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին մինչև հուլիսի 1-ը: Կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) արդեն նախապատրաստված պայմանագիրը ներկայացրել է միջպետական համաձայնեցման»,-ասել է Քոչարյանը «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի կուլուարներում:

Ընդ որում նա չի կարողացել նշել պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ: «Ստորագրման ժամկետի վերաբերյալ որոշում չի կայացվել: Որոշվել է նախապատրաստել պայմանագիրը: Երեկ պայմանագիրն ուղղվեց միջպետական համաձայնեցման, և քանի որ հարցերը շատ խորն են ուսումնասիրվել, հուսով ենք, որ միջպետական համաձայնեցումը երկար չի տևի»,- ասել է Քոչարյանը: .

Photo: RIA Novosti
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---