Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութի) և հարավարևելյան (Մարտունու) ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Առաջնագծում ծավալված փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ամբողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 420 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:
Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:
Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։
Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:
Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:
Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։
Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:
Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։
Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ: Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին: