Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 270 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:
ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը նաև հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում: Ըստ այդմ` հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում ռեժիմը խախտվել է մոտ 48 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:
«Ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումները հերթական անգամ վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով, կամ` ադրբեջանական զինված ուժերի` սահմանագոտում տեղակայված ստորաբաժանումները չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, զբաղված են ինքնագործունեությամբ և հաշվետու չեն հրամանատարությանը սպառած ռազմամթերքի համար, եթե, իհարկե, նման հաշվարկներ Ադրբեջանի զինված ուժերում ընդհանրապես տարվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:
Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։