Ice Bucket Challenge բարեգործական ակցիան. 10 փաստ աշխարհը գերած ֆլեշմոբի մասին

Ice Bucket Challenge բարեգործական ակցիան. 10 փաստ աշխարհը գերած ֆլեշմոբի մասին

PanARMENIAN.Net - Ice Bucket Challenge բարեգործական ակցիայի շրջանակում բազմաթիվ հանրահայտ անձինք համացանցում տեղադրել են տեսանյութեր` միանալով երկրորդային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ պայքարին: Ընդամենը մեկ ամսում ակցիան գրավեց աշխարհը: Այս պահին դրան մասնակցում են նաև Հայաստանի բնակիչները:

Ակցիան սկսվել է հուլիսին: Մասնակիցներն իրենց վրա սառցե ջուր են լցնում, ինչից հետո մարտահրավեր են նետում ցանկացած 3 մարդու: Վերջիններս, իրենց հերթին, պետք է 24 ժամվա ընթացքում կրկնեն դա կամ գումար փոխանցնեն հիվանդությունն ուսումնասիրող հիմնադրամին:

Ակցիային արդեն իսկ մասնակցել են համաշխարհային մեծության տասնյակ աստղեր` Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի նախկին ղեկավար Բիլ Գեյթսը, երգչուհի Լեդի Գագան, հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և շատ այլք: Փոփ-երգիչ Ջասթին Բիբերը հասցրել է իր վրա սառցե ջուր լցնել արդեն 2 անգամ` էստաֆետը փոխանցելով այդ թվում Բարաք Օբամային ու իր բոլոր երկրպագուներին:

BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է աննախադեպ բարեգործական ակցիայի մասին 10 ամենհետաքրքիր փաստերը:

1. Ակցիայի շրջանակում արդեն հավաքվել է 42 մլն դոլար

Հուլիսի 29-ից օգոստոսի 21-ը Երկրորդային ամիոտրոֆիկ սկլերոզով հիանդներին օգնության ասոցիացիան ստացել է 41,8 դոլար նվիրատվություն: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում նվիրաբերվել էր 2,1մլն դոլար: Փողերը փոխանցվել են ինչպես մարդկանց, այնպես էլ կազմակերպությունների ու նոր հովանավորների կողմից:

2. Ով է գումար նվիրաբերել

Բարեգործական ընկերությունը հաշվել է 739275 նոր հովանավոր: Եթե հաշվի առնենք, որ սառցե ջրով տեսանյութերն արդեն գերազանցում են 1,2 միլիոնը, կարելի է ենթադրել, որ շատերը գերադասել են սառցե ջուր լցնել իրենց վրա, բայց գումար չնվիրաբերել: Իսկ ոմանք գուցե ընդհանրապես գլխի չեն ընկել` ինչի մասին է խոսքը:

3. 30.000 հիվանդ

ԱՄՆ-ում Լու Գերիգի հիվանդությամբ կամ Երկրորդային ամիոտրոֆիկ սկլերոզով տառապում է մոտ 30.000 մարդ: Համեմատության համար նշենք, որ օրինակ, Ալցհեյմերի հիվանդությունն ախտորոշվել է ավելի քան 5 մլն մարդու մոտ:

Այս պայմաններում դեղագործական ընկերությունների համար պարզապես շահավետ չէ զբաղվել դրա ուսումնասիրությամբ:

4. Օբաման ու Պուտինը

Քաղաքական գործիչները պակաս խանդավառությամբ արձագանքեցին ակցիային: Եվ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հրաժարվեցին իրենց վրա սառցե ջուր լցնել` չնայած փոխանցված էստաֆետին: Թեև շատերը, այդ թվում Ջորջ Բուշն ու Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանը, համարձակվել են գնալ այդ քայլին:

Վլադիմիր Պուտինին «մարտահրավեր» էր նետել Վին Դիզելը: Սակայն նախագահի մամուլի խոսնակն ասել էր, թե այդ օրը ՌԴ նախագահն այլ օրակարգ ունի: Օբամային միանգամից մի քանի մարդ էր էստաֆետը փոխանցել: Թեև նախագահը սառցե ջրից հրաժարվել էր, բայց հետագայում ֆոնդին գումար փոխանցել է:

5. Ոչ բոլորին է կարելի

Պետդեպն արգելել է ամերիկացի դիվանագետներին մասնակցել ակցիային: ԶԼՄ-ների տվյալներով, ներքին հաղորդագրություն է տարածվել, որը կոչ է անում աշխատակիցներին ձեռնպահ մնալ ակցիային մասնակցելուց: Պատճառը` քաղծառայողներին արգելվում է օգտագործել պետական պաշտոններն անձնական և անգամ բարեգործական նպատակներով:

6. Միլիոնավոր լիտր ջուր

Հաշվել են, որ միլիոնից ավելի տեսանյութերի նկարահանման ժամանակ թափվել է մոտ 22 մլն լիտր ջուր: Սա հավասար է 19 հազար բնակարանի մեկ օրում օգտագործած ջրի նորմային: Ջրի զուր վատնումը բարեգործական ակցիայի միակ քննադատելի պահն է թերևս: Իհարկե, բացի նրանից, որ այն արդեն հասցրել է բոլորին ձանձրացնել:

7. Գովազդ

Բարեգործական ակցիան արդեն իսկ հասցրել են օգտագործել որպես գովազդի միջոց. Samsung ընկերությունը տեսանյութ է տեղադրել, որտեղ Galaxy S5 սմարթֆոնի վրա Ice Bucket Challenge ակցիայի շրջանակում ջուր են լցնում: Դրանից հետո սմարթֆոնի ձայնը մարտահրավեր է նետում iPhone 5S-ին, Lumia 930-ին և HTC One M8-ին:

Հարկ է նշել, որ ընկերությունը ֆոնդին բարեգործական փոխանցում այնուամենայնիվ կատարել է:

8. Մահացու ելք

Ֆեյքերի վրա մասնագիտացած կայքերը շատ արագ սկսեցին տարածել լուրեր, թե ակիայի մասնակիցներից ոմանք ջուրը լցնելիս ընկել են, կամ մահացել ցրտահարումից: Արդյունքում դրանցից ոչ մեկը չհաստատվեց:

9. Գազայի հատվածում ջուր չկա

Ոչ միայն հիվանդության, այլև այլ խնդիրների վրա ուշադրություն հրավիրել ցանկացող ակտիվիստներից մեկը Youtube-ում տեսանյութ է տեղադրել, թե իբր պատրաստվում է իր վրա ջուր լցնել: Սակայն պարզվում է` տարան դատարկ է: Նա հայտարարում է, թե չի կարող միանալ ակցիային, քանի որ Իսրայելի ագրեսիայի պատճառով Գազայի հատվածում ջուր չկա:

10. Ավելին, քան բարեգործություն

Մելբուրնում ուրբաթ օրն ավելի քան 700 մարդ էր հավաքվել, որպեսզի սահմանի դույլից իրենց վրա սառը ջուր լցնելու համաշխարհային ռեկորդ: Բարեգործական ֆլեշմոբը դարձավ մշակութային ֆենոմեն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---