Ուշի գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը նորացվել է. Փոխվել է 1600 մ երկարությամբ մայր ջրագիծը

Ուշի գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգը նորացվել է. Փոխվել է 1600 մ երկարությամբ մայր ջրագիծը

PanARMENIAN.Net - Ուշի գյուղի` 90-ականներից շահագործվող խմելու ջրի մատակարարման համակարգը փոխվել է: Համայնքում առկա հիմնախնդիրներից մեկի` խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձնական միջոցներից հատկացրել է 16 մլն դրամ: Կամավորության սկզբունքով հայրենակիցներին օգտակար լինելու մոտեցումն աշխատավայրում անձնական օրինակով առաջնորդելու լավագույն տարբերակներից է: Ներդրման շնորհիվ փոխվել է ավելի քան 1600 մ երկարության մայր ջրագիծը: Իրականացված ծրագրի արդյունքից օգտվելու է 650 ընտանիք:

Գյուղի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 90-ականներին: Համայնքային բյուջեի սղության պատճառով` համակարգը նորով փոխարինելու անհրաժեշտությունը, տարիներ շարունակ, ծրագրի չի վերածվել: Մայր ջրատարը ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման: Տեղանքի ռելիեֆը և տարիների ազդեցությունն իրենց հետքն են թողել խողովակների վրա: Դրանք քայքայվել են, ենթարկվել կոռոզիայի: Ռալֆ Յիրիկյանի դրսևորած պատրաստակամությունը, ինչպես նաև նոր համակարգի կառուցման հնարավորությունը, ոգևորել են բնակիչներին: Ամռանը երկրորդ կեսին մեկնարկած շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հենց ուշեցիները:

Բնակիչների մեծ մասի նախնիներն, ի դեպ, այս համայնք են գաղթել Արևմտյան Հայաստանից: Պատմական Հայաստանի տարբեր նահանգներից հարուստ մշակույթ ժառանգած համագյուղացիները կարևոր ձեռքբերում են համարում նաև գյուղի մշակույթի տան վերակառուցումը: Շենքը ծառայում է որպես գյուղապետարան, մշակույթի տուն և գրադարան: Այդտեղ է տեղակայված նաև փոստային ծառայության գրասենյակը: Նախկինում ավերակներ հիշեցնող շենքն ամբողջությամբ վերափոխվել է: Ռալֆ Յիրիկյանը միացել է նաև կանադահայ հայրենակից Մարգար Շարապխանյանի նախաձեռնությանը և շուրջ 12 մլն դրամ էլ հատկացրել է մշակույթի տան վերանորոգման համար:

«Ուշիում վաղուց հաստատված մեր հայրենակիցները «էրգրի» շենացման երազանքն իրականություն են դարձնում այստեղ: Փոքրիկ Արևմտահայաստան հիշեցնող այս գյուղն ուշագրավ է իր բնակչության կազմով: Շատ կարևոր է նրանց կողքին լինելը: Առհասարակ, միմյանց աջակցելը մեր ազգային բնավորության դրական գծերից է: Դրա շնորհիվ նաև` հայը շարունակում է ապրել ու ապրեցնել հայրենիքը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---