Լևոն Հայրապետյանին հիվանդանոցում հետազոտելուց հետո նորից մեկուսարան են տարել (թարմացված)

Լևոն Հայրապետյանին հիվանդանոցում հետազոտելուց հետո նորից մեկուսարան են տարել (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայազգի մոսկվաբնակ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի բուժմասից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այդ մասին Լևոն Հայրապետյանի Facebook-յան էջում հայտնել է Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանը:

Բայց ավելի ուշ «Ազատություն Լևոն Հայրապետյանին » ֆեյսբուքյան էջում գրառել են, որ դա արվել է մեկօրյա հետազոտություն անցկացնելու համար, ինչից հետո գործարարը նորից մեկուսարան է տեղափոխվել:

Facebook-ի «Ազատություն Լևոն Հայրապետյանին» էջում ասվում է նաև, որ սեպտեմբերի 8-ին Բրյուսելում Ռուսաստանի հյուպատոսության առջև և սեպտեմբերի 12-ին՝ Նյու Յորքում ՌԴ գլխավոր հյուպատոսության առջև տեղի կունենան Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիաներ:

Օգոստոսի 15-ին Լևոն Հայրապետյանը Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվեց մասնակցել դատական նիստին: «Ես ինձ շատ վատ եմ զգում և հազիվ եմ այստեղ հասել: Կողքիս բժիշկն է ներարկիչով կանգնած: Ես վստահում եմ փաստաբաններիս և կարծում եմ, որ առանց ինձ էլ գլուխ կհանեն»,-ասել է Հայրապետյանը: Սակայն դատարանը որոշել է, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի, որը մասնակցում է նիստին տեսակապի միջոցով:

Նույն օրոը Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվեց ազատ արձակել Լևոն Հայրապետյանին և նրա կալանքը օրինական ճանաչեց:

Օգոստոսի 13-ին Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացավ: Քննվում էր Լևոն Հայրապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ: Նա դատական նիստին մասնակցել է մեկուսարանից տեսակապի միջոցով: Իր ելույթում նա հայտարարել է, որ ապօրինություն է տեղի ունենում, այնուհետև ձեռքը դրել է սրտին և ասել է, որ իրեն վատ է զգում: Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, պատրաստակամություն հայտնելով շարունակել նիստը, սակայն դատարանը որոշել է ընդմիջում հայտարարել մինչև օգոստոսի 15-ը:

Ինչպես բազմիցս է հայտարարել գործարարի պաշտպանությունը, Հայրապետյանը սրտի անկանոն աշխատանքի և արյան անոթների հետ կապված խնդիրներ ունի:

Դատարանում ներկա են եղել մոտ 100 հարազատներ ու բարեկամներ, նրանց համար, ում տեղ չի գտնվել դատարանի դահլիճում կազմակերպվել է հեռարձակում:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալեցին «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնեցին ձերբակալման մասին: Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, գրում է «Ռոսբալտ» լրատվամիջոցը և ավելացնում, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան: Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա:

Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում:

«Նա չորս վիրահատություն է տարել և միայն Ռուսաստանում 9 անգամ ստացիոնար բուժում է անցել»,-ասել է փաստաբան Մարգարյանը:

Միջնորդությամբ հարցաքննվել է Հայրապետյանի բուժող բժիշկը, որը հաստատել է, որ անհրաժեշտ հսկողության ու ստացիոնարում կանոնավոր բուժման բացակայության դեպքում հիվանդը մահացու վտանգի է ենթարկվում: Փաստաբանը նշել է, որ գերատեսչական բժշկի տեղեկանքը, որը միայն արտաքինից է զննել նրան ու ճնշումը ճափել, ոչինչ չի ասում:

Որպես կալանավորման այլընտրանք փաստաբաններն առաջարկել են տնային կալանքի տարբերակն ու 30 մլն ռուբլի գրավը:

Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ:

Սակայն, մեկ ժամ խորհրդակցելուց հետո դատավոր Նատալյա Մուշնիկովան համաձայնվել է քննության հետ և գործարարին կալանքի տակ թողել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---