Դավութօղլուն մտադիր է կարգավորել Երևանի հետ հարաբերություններն ու «հանել լարվածությունը» ՀՀ ու Ադրբեջանի միջև

Դավութօղլուն մտադիր է կարգավորել Երևանի հետ հարաբերություններն ու «հանել լարվածությունը» ՀՀ ու Ադրբեջանի միջև

PanARMENIAN.Net - Թուրքիայի նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 1-ին խորհրդարանին է ներկայացրել 62-րդ կառավարության ծրագիրը, որտեղ հիշատակվում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:

Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Մեր կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու տարածաշրջանում առկա լարվածության նվազեցումն է: Այս տեսակետից մենք կշարունակենք ջանքեր գործադրել Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, Ադրբեջանի տարածքների և Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության վերացման ուղղությամբ: Կշարունակվեն նաև հայ-թուրքական կարգավորմանն ուղղված մեր քայլերը: Ակնկալում ենք, որ Հայաստանը ոչ թե պատմական թշնամությամբ, այլ փոխադարձ շահերի և համագործակցության տանող, արդար հիշողության որոնմանն ուղղված համապարփակ ընկալմամբ կառաջնորդվի և մեր նախաձեռնություններին առաջադեմ մոտեցմամբ կպատասխանի», հայտնում է Panorama.am-ը թուրքական Sondakika լրատվական կայքի վրա հղումով:

Ըստ Թուրքիայի սահմանադրության 110-րդ հոդվածի, խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո վարչապետը վստահության քվե կխնդի: Առաջարկված ծրագրի շուրջ քննարկումները նախատեսվում են ծրագիրը ներկայացնելուց 2 օր հետո, և լսումների ավարտից ևս մեկ օր անց տեղի կունենա բաց քվեարկություն:

Օգոստոսի 29-ին Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդ և վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Էրդողանին ներկայացրեց նոր կառավարության կազմը, որը ստացավ նախագահի հավանությունը:

Ըստ ցուցակի, հանրապետության գլխավոր տնտեսական մենեջերները մնացին իրենց պաշտոններում՝ էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը, ինչպես նաև էներգետիկայի ու բնական պաշարնրի նախարար Թաներ Յիլդիզը կշարունակեն պաշտոնավարել:

Մեվլութ Չավուշօղլուն, որը վերջին 9 ամիսներին զբաղեցնում էր ԵՄ գծով նախարարի պաշտոնը, փոխարինեց Դավութօղլուին ԱԳ նախարարի պաշտոնում: Առևտրի ու մաքսատան նախարար նշանակվեց Նուրեդդին Ճանըքլին: Այլ փոփոխություններ չեղան:

Մինչդեռ Դավութօղլուն թիմ բերեց երկու նոր փոխվարչապետների՝ Նաուման Կուրտուլմուշին ու Յալչին Ակդողանին: Բյուլենթ Առինչն ու Ալի Բաբաջանը, կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ու էկոնոմիկայի համար պատասխանատուն 61-րդ կառավարությունում, մնացին փոխվարչապետների պաշտոնում:

Նոր կաբինետը կկարողանա աշխատել միայն վստահության քվեն ստանալուց հետո: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին կամ 8-ին:

Էրդողանը, որի երդմնակալությունը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին, նշանակեց Ահմեդ Դավութօղլուին վարչապետի պաշտոնակատար, իսկ ավելի ուշ՝ երկրի վարչապետ:

Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության նախագահ ընտրված Դավութօղլուն ելույթ ունեցավ կուսակցության համագումարում և ներկայացրեց իր ծրագիրը, բաղկացած 9 կետից: Իր մանիֆեստում Դավութօղլուն ներկայացրեց կուսակցության առաջիկա ծրագրերը տնտեսության, մշակույթի, արդարադատության, արտաքին քաղաքականության, նաև հակամարտությունների կարգավորման ոլորտներում:

«Արտաքին հարաբերություններ» վերտառությամբ 9-րդ կետը վերաբերում է նաև Հայկական հարցին: Այնտեղ, մասնավորապես, ասվում է. «2001-ից ի վեր արտաքին քաղաքականություն ասելով հասկանում ենք արտաքին հարաբերություններ: Թուրքիայի արտաքին քաղաքականության ողջ օրակարգը բաղկացած է Հայկական հարցից ու Կիպրոսի հարցից: Մենք երբեք չենք հրաժարվի մեր հիմնարար սկզբունքներից»:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի այն ժամանակ դեռ արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դարձավ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն` երկրի վարչապետի պաշտոնի համար: Որոշումն ընդունվել էր հինգշաբթի Անկարայում` կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Թայիփ Էրդողանն օգոստոսի 10-ին հաղթեց երկրի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրություններում (1923-ից ի վեր): «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002-ից մեծամասնություն է կազմում նաև թուրքական խորհրդարանում, նրա ներկայացուցիչները զբաղեցրել են նախագահի (Աբդուլա Գյուլը 2007-ից) և վարչապետի (Էրդողանը 2003-ից) պաշտոնները: Գյուլն ավելի վաղ հայտարարել էր, որ Դավութօղլուն նախ կդառնա «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, ապա և կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Նորընտիր նախագահն իր հերթին հայտարարեց. «Մենք երկար խորհրդակցություններ ենք անցկացրել քաղաքապետերի, պատգամավորների, ՀԿ-ների, հասարակ քաղաքացիների հետ… Այսօր մենք հանգել ենք վերջնական որոշման: Գուցե ես մի փոքր շտապում եմ, բայց մեր կուսակցության նախագահի, ինչպես նաև երկրի 62-րդ կառավարության վարչապետի թեկնածու է ընտրվել արտգործնախարար, մեր ընկեր ու դաշնակից Ահմեթ Դավութօղլուն»:

Նա հավելել է, որ անցկացված խորհրդակցությունների մասնակիցների կարծիքով` «երկրի վարչապետի ուժը կբազմապատկվի, եթե նա նաև լինի կուսակցության ղեկավար»: Էրդողանը հայտարարել է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում Դավութօղլուի թեկնածությունը կհաստատվի օգոստոսի 27-ին` կուսակցության խորհրդի արտահերթ նիստում:

Դավութօղլուն ԱԳՆ-ն ղեկավարել է 2009-ից, մինչև այդ մշակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության «Զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---