ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Թուրքիա ողջունելի չէր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Թուրքիայի նախագահ Էրդողանին 2015 թ. ապրիլին Երևան հրավիրելու նախաձեռնությանը, Մանոյանն ասել է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Թուրքիա և նորընտիր նախագահ Էրդողանին փոխանցված հրավերը հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու ակնարկ է պարունակում, թեև այդ մասին չի ասվել: Ասվում է միայն Թուրքիայի նախագահի հնարավոր այցի մասին»:
«Հասկանալի չէ, թե ինչի են սպասում ՀՀ իշխանությունները: Այսօր թեև հայ-թուրքական արձանագրությունները քաղաքականապես «մեռած են», սակայն իրավականորեն կան, ինչն անընդունելի է: Արձանագրություններն իրավականորեն վերացնելու ամենահեշտ եղանակը դրանք հետ կանչելն է, առավել ևս, որ առջևում Ցեղասպանության 100-րդ տարելիցն է»,-ասել է Մանոյանը, հայտնում է Armenia Today-ը:
Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցաոռւմների համակարգման պետական հանձնաժողովի չորրորդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին այցելել Երևան 2015 թ. ապրիլի 24-ին: «Պաշտոնապես հրավիրում են Թուրքիայի նախագահին, որը հայտնի կդառնա առաջիկա նախագահական ընտրություններում, 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան ու առերեսվել սեփական պատմության հետ: Օգոստոսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը նախագահ Էրդողանի հետ կարճատև զրույցից հետո նրան է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015-ի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանy:
Ըստ Tert.am-ի, Մանոյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը երկու նպատակ ունի ղարաբաղյան հակամարտության հարցում: «Առաջինը՝ դուրս բերել բանակցությունները ԵԱՀԿ շրջանակից, քանի որ եթե ՄԽ-ն չի ապահովել դրական տեղաշարժ բանակցային գործընթացում, ապա գոնե մեկ այլ բան է ապահովել՝ միջնորդ երկրները հասկացել են, որ ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելով»,-ասել է Կիրո Մանոյանը: Ըստ Մանոյանի Ադրբեջանի երկրորդ նպատակն է, որ հարցը լուծվի ոչ թե փաթեթային, այլ փուլային եղանակով: Սակայն, նա գտնում է, որ չկա համաձայնություն, եթե համաձայնեցված չեն բոլոր դրույթները:
ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ինչ-որ տեղ ԱՄՆ շահագրգռվածության արդյունք էր և այն կարելի է դրական գնահատել:
«Այս հանդիպումներից հետո Ադրբենջանը, դժվար թե, փոխի իր կեցվածքը: Ամեն դեպքում միջնորդ պետությունները փորձում են նվազեցնել պատերազմի հավանականությունը»,- ասաց Կիրո Մանոյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նյուպորտում սեպտեմբերի 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եռակողմ հանդիպումը: Այն կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում, տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից: Պետքարտուղար Քերրին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:
Հոկտեմբերին ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի մասնակցությամբ: Մայիսին տարածաշրջան կատարած այցի ժամանակ Օլանդը պատրաստակամություն է հայտնել ընդունել Ֆրանսիայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին համանախագահների հետ:
Ինչ վերաբերում է Ուելսում ՆԱՏՕ-ի ընդունած բանաձևում տեղ գտած արտահայտությանը տարածքային ամբողջականության մասին, ապա Կիրո Մանոյանն ասել է. «ՀՀ նախագահը ոչինչ չի ստորագրել, ստորագրել են դաշինքի անդամ պետությունները, Հայաստանը չէր կարող ստորագրել փաստաթուղթը, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ չէ»:
ՆԱՏՕ-ն կշարունակի սատարել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում, միջազգայն իրավունքի, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների հիման վրա, ասվում է Ուելսում աշխատանքն ավարտած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում: Փաստաթղթում ասվում է, որ սառեցված հակամարտությունները առանձնակի մտահոգություն են առաջացնում, խաթարելով տարածաշրջանի բնակիչների հնարավորությունները՝ բացահայտել սեփական ներուժը որպես եվրաատլանտյան ընկերակցության անդամ: Բացի այդ, հռչակագրում ասվում է, որ «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի օկուպացիան ու ռազմական ներխուժումը Արևելյան Ուկրաինա օրինական մտավախություններ են առաջացրել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ գործընկերների մոտ: Ասվում է, որ դա «խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև լրջորեն խաթարում է միջազգային իրավունքն ու մարտահրավեր է եվրաատլանտյան անվտանգությանը»: ՆԱՏՕ-ի հռչակագրում ոչ մի խոսք չկա ժողովրդների ինքնորոշման իրավունքի մասին:
Ըստ Կիրո Մանոյանի, ԽՍՀՄ նախկին երկրների տարածքային ամբողջականության մասին խոսակցությունները ՆԱՏՕ-ում նորություն չեն: Մանոյանը նշել է, որ նույն հայտարարությունը կոչ է անում, որ Կովկասում առկա հակամարտությունները պետք է կարգավորվեն նշված սկզբունքների հիման վրա: Ըստ նրա, հայտարարությունը պաշտպանական նախաձեռնություն է ՆԱՏՕ-ի կողմից, ոչ թե այն մասին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն միայն նշված սկզբունքների հիման վրա:
«Անկասկած, լավ կլիներ, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ևս նշվեր, սակայն նույն այդ սկզբունքը չի հիշատակվում նաև այլ հակամարտությունների պարագայում»,-հավելել է Մանոյանը:
ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Նա կարծիք է հայտնել, որ անդամակցությունը ձգձգվում է ղարաբաղյան հարցի պատճառով:
«Եթե հոկտեմբերին էլ դա տեղի չունենա, նշանակում է կրկին այդ հարցը կամ հարցերը կարգավորված չեն», ասել է Մանոյանը:
Սեպտեմբերի սկզբին Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական տարբերակն ուղարկվել է անդամ երկրների և ՀՀ կառավարություններին, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական տարբերակը ուղարկվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին: Յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ ներպետական ընթացակարգով անցնելուց հետո՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագիրը կներկայացվի նախագահների ստորագրմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի ստորագրման վերջնական ամսաթիվը կորոշեն չորս երկրների նախագահները: Չի բացառվում, որ փաստաթուղթը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ԵՏՄ անդամ պետությունների նախագահների բանակցությունների ավարտին:
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հավանականությանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո՝ Մանոյանը հայտարարել է. «Չեմ կարծում, որ հենց որ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ, նրա հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կփոխվեն: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ոչ մի ազդեցություն չի ունենա Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա»: