Ձայների հաշվարկն ավարտվել է. Շոտլանդիան մնում է Մեծ Բրիտանիայի կազմում (թարմացված)

Ձայների հաշվարկն ավարտվել է. Շոտլանդիան մնում է Մեծ Բրիտանիայի կազմում (թարմացված)

PanARMENIAN.Net - Շոտլանդիայում ավարտվել է անկախության հանրաքվեի արդյունքների ամփոփումը: Ձայների վերջնական հաշվարկի համաձայն, շոտլանդացիների մեծ մասը կողմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի միասնությանը՝ չսատարելով անկախության գաղափարին: Անկախացմանը դեմ է քվեարկել Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը՝ (2 001 926 մարդ), կողմ՝ 44,7 տոկոսը (1 617 989 մարդ): Այդ են վկայում հանրաքվեի արդյունքների քվեների 100 տոկոսի հաշվարկից հետո:

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում տեղի ունեցավ հանրաքվե, որի միակ հարցը հետևյալն էր. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան անկախ երկիր դառնա»:

32 կոմսություններից 26-ում քվեների հաշվարկը ցույց տվեց, որ հօգուտ անկախության քվեարկել է 1 մլն 176 հազար 952 մարդ: Դեմ է արտահայտվել 1 մլն 397 հազար 077-ը: Մասնակցությունը հանրաքվեին աննախադեպ էր՝ մոտ 84 տոկոս:

Հինգշաբթի երեկոյան ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո YouGov միջազգային հետազոտական կենտրոնը կանխատեսեց, որ Շոտլանդիայի հանրաքվեն կավարտվի Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիան պահպանելու կողմնակիցների հաղթանակով: Ըստ կանխատեսման, անկախության հակառակորդները կստանան 54 տոկոս, կողմնակիցները՝ 46 տոկոս: YouGov-ի նախագահ Փիթեր Քելները նշեց, որ 99 տոկոսով վստահ է, որ կանխատեսումները կիրականանան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մինչդեռ, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը փաստացի ճանաչում է պարտությունը հանրաքվեում: Հանրաքվեի կազմակերպիչները չեն թաքցնում իրենց հիասթափությունը: «Մենք շատ մոտ էինք հաղթանակին»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայից անջատվելու քարոզարշավի ղեկավար, Շոտլանդիայի ազգային կուսակցության փոխնախագահ Նիկոլ Սթերջոնը: Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը Թվիթերում գրել էր, որ արդեն շնորհավորել է երկրի միասնության օգտին քարոզարշավի կազմակերպիչ Ալիսթար Դարլինգին, հայտնում է «Էխո Մոսկվին»:

Սեպտեմբերի 18-ի Շոտլանդիայի անկախության հանրաքվեն «անջատումների» ալիք բարձրացրեց աշխարհում: Այդպես, ԱՄՆ Տեխաս նահանգի Ազգայնական շարժման նախագահ Դենիել Միլլերը, որը ցանկանում է, որ օրենսդիր ժողովն առանձնացման մասին հարցը դնի նահանգի բնակիչների քվեարկությանը, ասում է, որ Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն բարի նշան է իր գլխավորած շարժման համար: «Եթե դա կարող է անել Շոտլանդիան, կարող է անել նաև Տեխասը»,-հայտարարել է նա:

Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով հավանություն է տրվում Իսպանիայի այդ ինքնավար շրջանում նոյեմբերի 9-ին ինքնիշխանության մասին բնակչության հարցում անցկացնելուն: Բանաձևը կոչ է անում հարցումն անցկացնել «ժողովրդավարական երաշխիքների ու օրենքների համաձայն»:

Բանաձևի օգտին է քվեարկել ազգայնական կուսակցություններից 86 պատգամավոր, ներառյալ «Կոնվերգենցիա և միոթյուն» իշխող կոալիցիան, ինչպես նաև երեք սոցիալիստ պատգամավորները, որոնք այդպիսով խախտել են բանաձևին չսատարելու կուսակցության որոշումը:

Փաստաթղթին դեմ է քվեարկել 44 պատգամավոր Սոցիալիստական, Ժողովրդական և «Քաղաքացիներ» կուսակցություններից, որոնք մեղադրել են Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասին կենտրոնական կառավարության հետ առճակատման բորբոքման մեջ: Ինչպես նշել է «Քաղաքացիների» նախագահ Ալբերտ Ռիվերը, «այդ են վկայում բանաձևի դրույթները, մասնավորապես, այն կետը, որը նշում է, որ ուժի մեջ է մնում հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած հռչակագիրը ինքնավար մարզի ինքնիշխանության մասին, որը, սակայն, Սահմանադրական դատարանը մարտին համարեց հակասող երկրի հիմնական օրենքին»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---