ՀՀ նախագահը՝ Շոտլանդիայի հանրաքվեի մասին. Հիացած եմ Մեծ Բրիտանիայի կառավարությամբ և ժողովրդով

ՀՀ նախագահը՝ Շոտլանդիայի հանրաքվեի մասին. Հիացած եմ Մեծ Բրիտանիայի կառավարությամբ և ժողովրդով

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հիացած է Մեծ Բրիտանիայի կառավարությամբ ու ժողովրդով: Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կայացած հանրաքվեն, որի միջոցով «ևս մեկ ազգ ազատ կամարտահայտությամբ որոշեց սեփական ճակատագիրը տնօրինելու հարցը»: Նախագահը նշել է, որ շոտլանդացի ժողովրդի հավաքական որոշումն արժանի է հարգանքի՝ հավելելով, որ անկախ արդյունքներից, գլխավորն այն է, որ այդ ժողովուրդը հնարավորություն ստացավ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը:

«Չեմ կարող հիացմունքի խոսքեր չարտահայտել Մեծ Բրիտանիայի կառավարության և ժողովրդի հասցեին, որոնք խնդրի կարգավորման համար ընտրեցին քաղաքակիրթ պետությանը վայել ժողովրդավարական մեթոդներ, թեև, ակնհայտ էր, թե որքան դժվար էր դա անելը:

Շոտլանդիայում անցած հանրաքվեի միակ հարցն էր՝ «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան անկախ երկիր դառնա»: Քվեարթերթիկների 100%-ի հաշվարկից հետո պարզվել է, որ շոտլանդացիների 55%-ը՝ (2 001 926 մարդ) դրան դեմ է, 44,7%-ը (1 617 989 մարդ)՝ կողմ:

Միաժամանակ, միջազգային հանրության տեսակետից այստեղ կարևոր է ինքին երևույթը. խաղաղ ձևով որոշվեց մի ամբողջ ժողովրդի հետագա կարգավիճակը և այդ ժողովուրդն ազատ բանավեճի միջոցով որոշեց իր հետագա ճակատագիրը»,- նշել է նա:

Հանրապետության ղեկավարը հիշեցրել է, որ 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ փորձեց խաղաղ ճանապարհով՝ հանրաքվեի միջոցով, որոշել իր ապագան, բայց Ադրբեջանի իշխանությունները դրան պատասխանեցին Բաքվի և Սումգայիթի կոտորածներով, զանգվածային տեղահանություններով և պատերազմով:

«Ակնհայտ է, որ աստիճանաբար հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից: Եվ պատահական չէ, որ 20 տարի անց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը ևս՝ հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու նրա իրավունքն է:

Շոտլանդիայի հանրաքվեն միջազգային հանրության համար մեծ խորհուրդ պարունակող հանրաքվե էր, և շատ լավ օրինակ, թե ինչպես է հնարավոր լուծում տալ այնպիսի կարևորագույն հարցի, ինչպիսին դրված էր երեկվա հանրաքվեի հարցաթերթիկում»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը:

Արցախի արտգործնախարարությունը նույնպես ողջունել է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը:

Գերատեսչության տարածած հայտարարությունում նշվում է, որ անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն ևս մեկ նախադեպ է, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և «հաստատեց այն ակնհայտ փաստը, որ սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ»:

«Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հենց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումն է հանգեցրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների ու Ադրբեջանից հայ բնակչության բռնատեղահանման և Ադրբեջանի կողմից ԼՂՀ հանդեպ հետագա լայնամասշտաբ ագրեսիայի, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական:

Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչումը, որն իրականացվել է 1991-ին և հաստատվել 2006-ին, կապահովի խաղաղ գործընթացի անդառնալիությունն ու հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա»,- ասված է հաղորդագրությունում:

1991-ի դեկտեմբեր 10-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում բնակչությունն «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%–ը (108.615 մարդ):

1991-ի դեկտեմբերի 28-ին ձևավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդը (խորհրդարան)պետական անկախության մասին հռչակագիր է ընդունել, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---