Դինքի մրցանակի դափնեկիր. «Նոր Թուրքիան» սարսափելի տեղ է

Դինքի մրցանակի դափնեկիր. «Նոր Թուրքիան» սարսափելի տեղ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության հռչակած Նոր Թուրքիան սարսափելի տեղ է, որտեղ մարդու իրավունքներն ու ընդդիմախոսների հետապնդումները սովորական երևույթ են:

Այդ մասին Today'sZaman-ին տված հարցազրույցում հայտարարել է Դինքի մրցանակի դափնեկիր, Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Շեբնեմ Քոնուր Ֆինչանչեն:

«Նոր Թուրքիան», նրա հռետորաբանությունն ահավոր են: Մենք գիտենք, թե ինչպես է պետությունն այդ նոր Թուրքիան գովազդում: Նոր Թուրքիան ամբոխներն են, որ հալածում են երեխային կորցրած մորը»,-ասել է նա՝ ակնարկելով Էրդողանի ընտրարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ ամբոխը սուլում ու ճչում էր, լսելով այն դեռահասի մոր անունը, որը զոհվեց 2013-ին Գեզի պուրակի ցույցերը ցրելու ժամանակ:

Ֆինչանչեն Դինքի մրցանակին արժանացավ սեպտեմբերի 15-ին՝ լրագրողի ծննդյան օրը, պետության հովանու տակ գտնվող անհետացած երեխաների մայրերին իրավապաշտպանական աջակցության համար:

Անդրադառնալով Դինքի սպանության գործի հետաքննությանը՝ նա նշեց, որ հույս չունի, թե գործը կբացահայտվի, «թվում է սա այն գործերից է, որն արգելակվում է ամեն հերթական դատավարությունից հետո»,-ասել է նա:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---