Air Armenia-ի թռիչքները կատարվելու են ըստ չվացուցակի. Ռոսավիացիայի հետ ունեցած խնդիրը կարգավորվել է

Air Armenia-ի թռիչքները կատարվելու են ըստ չվացուցակի. Ռոսավիացիայի հետ ունեցած խնդիրը կարգավորվել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Air Armenia-ի ներկայացուցչությունը կատարել է համապատասխան վճարումները և ավիաընկերության բոլոր թռիչքները կատարվելու են ըստ չվացուցակի: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանը` հավելելով, որ վճարումների արդյունքում ռուսական կողմից ստացվել է հեռագիր առ այն, որ ավիաընկերության բոլոր չվերթները կսպասարկվեն առանց սահմանափակումների:

Սեպտեմբերի 11-ին «Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» ձեռնարկությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի սեպտեմբերի 21-ից պետք է դադարեցներ Air Armenia ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը ՌԴ օդային տարածքում:

«Տևական ժամանակ է, ինչ Պետկորպորացիան հետաձգել է հայկական ավիափոխադրողի համար ՌԴ տարածքում աէրոնավիգացիոն սպասարկման համար վարձի գանձումը: Չնայած, որ Air Armenia-ին բոլոր հնարավորությունները տրվել էին պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեց պարտքային բեռը թեթևացնելու համար: Այժմ Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է մոտ 400.000 դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700.000 դոլար»,- նշվում էր հաղորդագրության մեջ:

Սակայն Սիրական Համբարձումյանը պարզաբանել էր, որ Ռոսավիացիայի հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է և չվացուցակի վրա որևէ կերպ չի անդրադառնալու: «Վերջին շրջանում մեր կողմից իրականացվող փոխանցումները չեն հասնում հասցեատիրոջը: Պատճառը պարզ է` ԱՄՆ-ի և ԵՄ կողմից իրականացվող պատժամիջոցները»,- նշել էր ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր տրամադրեց «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերությանը մեկ տարի ժամկետով հետևյալ ուղղություններով ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա:

Հայաստանի ավիացիոն ղեկավարության որոշմամբ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությանը կսպասարկի Երևանից՝ Եկատերինբուրգ, Մինվոդի, Վոլգոգրադ, Վորոնեժ, Նիժնի Նովգորոդ թռիչքները: Հայաստանի ԱԳՆ-ի համապատասխան նոտան տեղադրված է Ռոսավիացիայի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 23-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Այսուհետ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն առաջացավ, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ին հայտարարության սնանկության մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---