12  20.09.14 - «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողով. Օր 2

Նախագահ. Պետք է պայքարենք արցախցիների ինքնորոշման իրավունքի ճանաչման համար (թարմացված)

Նախագահ. Պետք է պայքարենք արցախցիների ինքնորոշման իրավունքի ճանաչման համար (թարմացված)

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը: Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովում:

«Արդի իրողությունն այնպիսին է, որ այսօր կարող ենք խոսել հայաստանցիների՝ նոր սերնդի սփյուռքի գոյության մասին: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները և արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել»,- ասել է նախագահը:

Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` նշելով, որ արդարացի լուծումը բոլորիս նպատակն է.

«Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական հարթության մեջ՝ բանակցային ճանապարհով:Այժմ անհրաժեշտ է բոլոր ճակատներում պատշաճ կերպով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման օրինական պահանջը, նրան պարտադրված գոյամարտը, Արցախի ժողովրդի խիզախությունն ու տոկունությունը, անկախ և արժանապատիվ ապրելու կամքն ու բնական իրավունքը:

Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Եվ այսօր հայկական սահմանները պաշտպանված են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիվ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ամբողջ ազգի վստահությունն ու սերը և կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս: Հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի և իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները:

Հայաստանը, Արցախը և Սփյուռքն այսուհետ ևս միասնաբար պետք է պայքարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու համար»:

Նախագահը խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին.

«Այն վերստին հաստատելու է հայրենազրկված հայ ժողովրդի՝ ապրելու և արարելու, հարատևելու կամքն ու վճռականությունը, փաստելու է մեր միասնականության, ազգային իղձերի իրականացման մեր հետևողականությունը: Մենք նախաձեռնել ենք քաղաքական լայն աշխատանքներ այս ուղղությամբ և 2015 թվականին ակնկալում ենք մի շարք պետությունների ղեկավարների այցելություն Հայաստան:

2015 թվականը ոչ թե հայոց պահանջատիրության սահմանագիծն է, այլ ազգային վերազարթոնքի նոր հանգրվանը: Նման յուրահատուկ հանգրվան էր Ցեղասպանության 50-րդ տարելիցը, երբ արհավիրքից տասնամյակներ անց, խախտելով լռությունը, ամբողջ Սփյուռքն ու Հայրենիքը միասնաբար ոտքի կանգնեցին Հայոց ցեղասպանության դատապարտման և պաշտոնական ճանաչման պահանջով:

Այսօր առողջ բանականությունը ստիպում է թուրք հասարակությանը կասկածի տակ առնել պաշտոնական կեղծ պատմագրությունը և հազարավոր թուրքեր մերժում են սեփական երկրի՝ ցեղասպանության ուրացման պաշտոնական քաղաքականությունը: Այդպիսով, ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության ուրացման՝ Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քայլ առ քայլ սպառում է իրեն, մտնում փակուղի: Այս զարգացումների հետևանքով թուրք պաշտոնյաները սկսել են որդեգրել նոր վարքագիծ, նոր գործելաձևեր, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերաձևակերպված տարբերակներ:

Ես քանիցս ընդգծել եմ, որ ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Մենք շարունակելու ենք կոչ անել Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնել ուրացման անհեռանկար քաղաքականությանը, թարմացնել խամրած հիշողությունը, վերանայել անցյալի մութ էջերը, առերեսվել պատմության հետ և ճանաչել ու դատապարտել անցյալում կատարված ոճիրը, մաքրել սեփական խիղճը և ազատվել դարավոր բեռից»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային հակամարտություններին, ասել, որ դրանց հետևանքով Սփյուռքի մեր հայրենակիցների մի ստվար հատված ստիպված կրկին բռնում է գաղթի ճանապարհը: Փոփոխվում են հայկական սփյուռքի առկա ձևաչափերը. կազմալուծվում են հին համայնքները, ձևավորվում նորերը, որոնք օգնության լուրջ կարիք ունեն:

«Սիրիական ճգնաժամի հետևանքով արյունաքամ լինող Սիրիայի կենսունակ հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը՝ մոտ 12 հազար հայորդի, հաստատվել է Հայաստանում:Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցները ուշադրության, աջակցության կարիք ունեն: Նրանք եղեռնը վերապրած մեր նախնիների բեկորներն են, ովքեր, սփռվելով աշխարհով մեկ, կարողացան պահպանել ազգային դիմագիծն ու հայկականությունը»,- նշել է նախագահը:

Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ շարունակում է համատեղ ջանքերը` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին համաժողովին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հինգ կարևորագույն համատեղ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ վերահաստատում են, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն այսօր լիակատար ընկալում է գտնում միջազգային հանրության կողմից։

Չնայած Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող սադրիչ և ռազմատենչ հայտարարություններին, խաղաղությունը խարխլելու շարունակական փորձերին, միջազգային հանրությունը շարունակում է ջանքերը Ադրբեջանին կառուցողական դաշտ հետ բերելու նպատակով։ Դրա մասին են վկայում եռանախագահ երկրների կողմից արված վերջին կոչերը։ Խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն են ուղղված համանախագահ երկրների նախաձառնությամբ կազմակերպված օգոստոսին՝ Սոչիում, սեպտեմբերին՝ Նյուպորտում և հոկտեմբերին՝ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները»,- նշել է նախարարը։

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին Փարիզում բանակցությունների անցկացման համար:

Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Նալբանդյանն անդրադարձել է նաև Ցեղասպանության 100-ամյակի շեմին տարվող աշխատանքներին.

«Նախորդ տարվա մարտին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ շուրջ վեց տասնյակ երկրների համահեղինակությամբ բանաձևի ընդունումը և մեր մասնակցությունը այս տարվա մարտին Ժնևում և ապրիլին Բրյուսելում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային համաժողովներին վկայում են այդ ուղղությամբ մեր դիվանագիտության ակտիվ ներգրավվածության մասին»։

Նա նշել է նաև, որ նախարարության օրակարգում առանցքային տեղ են զբաղեցնում սիրիահայության անվտանգության և Սիրիայում մեր պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցերը:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշմանը, ապա, ըստ Էդվարդ Նալբանդյանի, այն պայմանավորված էր մեր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով։

«Եվրասիական բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել ստորագրման ներկայացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը և շուտով դա կիրականացվի:

Անցյալ նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթաժողովին Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ հայտատարարութամբ երկուստեք վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը և մենք շարունակում ենք մեր աշխտանքները այս ուղղությամբ»,- նշել է նախարարը` հավելելով, որ հետևողական ջանքեր են գործադրում` միտված միջազգային կազմակերպություններում և գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը:

Հայաստանը ջանքեր է գործադրում նաև իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ սերտացնելու համար, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, առավել ամրապնդելու համագործակցությունը հարևան Վրաստանի և Իրանի հետ։ Իսկ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի մոտեցումը, ըստ նրա, վայելում է միջազգային հանրության աջակցությունը։

«Վստահ եմ, որ այս կարգի հանդպումները հնարավորություն են ընձեռում համակարգելու մեր անելիքները և գործողությունները, առավել արդյուանվետ դարձնելու մեր համատեղ ջանքերն՝ ուղղված միջազգային ասպարեզում մեր պետության, մեր ժողովրդի շահերի պաշապանությանը»,- եզրափակել է ԱԳ նախարարը։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 19-ին բացվել է սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովը: Այն մեկնարկել է լիագումար նիստով, որտեղ բացման խոսքով են հանդես եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ու Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն իրենց օրհնության խոսքն են հղել համաժողովի մասնակիցներին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---