Հայաստանը կարող է ՌԴ դեմ պատժամիջոցների պատճառով ավելացնել ռուսական ալմաստի ներկրումը

Հայաստանը կարող է ՌԴ դեմ պատժամիջոցների պատճառով ավելացնել ռուսական ալմաստի ներկրումը

PanARMENIAN.Net - Ըստ ադամանդագործության ոլորտի հայ մասնագետների, պայմանագիրը, որով Հայաստանին առանց մաքսատուրքի ռուսական ալմաստ կվաճառվի, թույլ կտա ԱԼՌՕՍԱ ընկերությանը, որը ապահովում է ալմաստների համաշխարհային առաքումների մոտ 27 տոկոսը, խուսափել ԵՄ պոտենցիալ պատժամիջոցների հետևանքներից: Այդ մասին ասվում է Uvelir.info կայքում զետեղված «Հայաստանը ակնկալում է ավելի շատ ռուսական ալմաստ ստանալ» հոդվածում:

Ալմաստի վաճառքի ամենամյա գործարքների մոտ կեսը ԱԼՌՕՍԱ-ն կատարում է համաշխարհային շուկայում՝ բելգիական Անտվերպենում, որը ԵՄ անդամ է: Եվ թեև ընկերությունը, որին բաժին է ընկնում Ռուսաստանում արդյունահանվող ալմաստների մեծ մասը, դեռ չի հայտնվել ԵՄ պատժացուցակում, արդեն հայտարարել է, որ սկսել է աշխատել «այդ ռիսկի նվազեցման որոշ տարբերակների վրա», մասնավորապես, «այլ իրավասության» հաճախորդներին վաճառքների ավելացման միջոցով:

Ինչպես ասվում է հրապարակման մեջ, այդ տարբերակներից մեկը Հայաստանն է: ԽՍՀՄ ալմաստների վերամշակման երբեմնի կենտրոն Հայաստանից ադամանդների արտահանման չափաբաժինը կտրուկ անկում ապրեց վերջին տասնամյակում 2000-ականների 40 տոկոսի հասնող բարձրակետից հետո: Ուստի հայ ադամանդագործները դիտարկում են Ռուսաստանի հետ համաձայնագիրը որպես այդ ճյուղի ֆինանսական բարեկեցությունը վերականգնելու միջոց:

Ըստ համաձայնագրի պայմանների, որը վավերացվեց հունիսին, հայ ներկրողները կարող են անսահմանափակ քանակով ալմաստներ գնել Ռուսաստնից առանց 6,5 տոկոս սովորական տուրքի վճարման: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գործարքը կնքեցին նախորդ տարվա դեկտեմբերին: Այդ համաձայնագրին ընթացք տալու համար ՀՀ կառավարությունը նույնիսկ հրաժարվեց 20 տոկոս ԱԱՀ-ից ներկրվող ալմաստների համար:

Սակայն, ըստ որոշ քննադատների, Ռուսաստանի հետ համաձայնագիրը նաև թերություններ ունի: Նրանց կարծիքով, այն կավելացնի Հայաստանի տնտեսական կախվածությունը Մոսկվայից, իսկ եթե Հայաստանը միանա ԵՏՄ-ին (ենթադրաբար հոկտեմբերին), ադամանդագործները ստիպված կլինեն 18 տոկոս մաքսատուրք վճարել երրորդ երկրներից ներկրվող ալմաստների համար, որոնք, հնարավոր է, ավելի էժան գնով վաճառեն ալմաստը:

Այնուամենայնիվ Նոր Հաճնի ադամանդագործները խնդիր չեն տեսնում: Մոտ 200 ադամանդագործական արհեստանոցներից, որոնք գործել են հետխորհրդային շրջանի սկզբում, այսօր գործում է միայն 20-ը:

«Dimotech ընկերության մենեջեր Չամինդա Նուգարան կանխատեսում է «իրավիճակի զգալի փոփոխություն», մաքսազերծ ռուսական ալմաստների շնորհիվ: «Ներկայումս շատ արտադրամասեր Նոր Հաճնում չեն գործում, բայց ես հուսով եմ, որ ռուսական ալմաստները կգրավեն օտարերկրացի ներդրողներին, հատկապես հիմա, երբ ռուսական հումքը եվրոպացի արտադրողի համար դժվար հասանելի է դառնում»,-ասում է Նուգարան:

ԱԼՌՕՍԱ-ն ԵՄ հնարավոր պատժամիջոցների քննարկումը «զուտ շահարկային» է համարում: Այնուամենայնիվ, ըստ ալմաստի բնագավառի Rapaport շաբաթական զեկույցի, ընկերությունը սկսել է «այլընտրանքային միջոցներ և շուկաներ որոնել իր ալմաստները վաճառելու համար», օրինակ, արտահանումը Հնդկաստան ավելացնելու հաշվին, որը մեծությամբ երկրորդ շուկան է Անտվերպենից հետո:

Ոչ բոլոր փորձագետներն են լավատես այն հարցում, որ Հայաստանին կհաջողվի վերադառնալ նախկին դիրքերին ռուսական մաքսազերծ ալմաստների շնորհիվ:

Մի կողմից կա մրցակցություն՝ Հայաստանը լավագույն շուկաներից չէ ԱԼՌՕՍԱ-ի համար: Եվ թեև ալմաստի ձեռագործ հղկումը երկրում ճանաչում է ստացել բնագավառում, Dimotech ընկերությունում խոստովանում են, որ «չինացիներն ու հնդիկներն ավելի առաջատար տեխնոլոգիաներ ունեն»:

Նաև մտավախություն կա, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանին վերաարտահանել մանր ալմաստները, որոնք կարող են լինել գնվող չափաբաժնի մեջ և տնտեսապես շահավետ չեն մշակելու համար: Ճիշտ է, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ կառավարությունն արդեն քննարկում է Մոսկվայի հետ այդ արգելքի վերացումը: Որոշ տնտեսագետներ չեն բացառում, որ ԱԼՌՕՍԱ-ի հետ համագործակցության պատճառով կարող են լուրջ ռիսկեր լինել:

Թեև, հիմա, հավանաբար, դա այն ռիսկն է, որին Հայաստանը պատրաստ է գնալ»,-ասվում է հոդվածում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը ապրիլի 4-ին պայմանագիր են կնքել ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպման մասին: Ազատ տնտեսական գոտում աշխատանքներ են իրականացվելու ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտում:

Նախարարի խոսքերով ազատ տնտեսական գոտում աշխատելու է մոտ 120 ընկերություն և ստեղծվելու է մոտ 1500 նոր աշխատատեղ: Վահրամ Ավանեսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Էյ Ջեյ Էյ» ընկերությունը 10,72 մլն դոլար է ներդնելու ազատ տնտեսական գոտում. «Որպեսզի ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ և ապահովվի ընկերությունների արդյունավետ աշխատանքը»:

Վահրամ Ավանեսյանը հույս է հայտնել, որ նոր ազատ տնտեսական գոտին կսկսի գործել 2015 թվականից: Ընկերության տնօրեն Արտակ Ուդումյանն իր հերթին նշել է, որ այս տնտեսական գոտին նոր բնագավառ է, չնայած Հայաստանում արդեն մի ազատ տնտեսական գոտի գործում է:

«Միևնույն է՝ ոսկերչությունն իր յուրահատկություններն ունի և ստեղծելով նման կառույց, կհանդիպենք հարցերի, որ լուծման կարիք ունեն: Մեր նպատակն է ստեղծել Հայաստանում հզոր ոսկերչական կենտրոն և կարողանալ այն հասցնել համաշխարհային մակարդակի»,- ասել է նա:

Շահագործող ընկերությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Սակայն սոցվճարումները կատարվում են ըստ Հայաստանում գործող կարգի, այդ թվում, հաշվի առնելով, որ 2013-ի հունվարի 1-ից գործատուն մեկ միասնական եկամտահարկ է մուծում, որտեղ ներառվում են նաև սոցվճարումները: Բացի այդ, չկան արժութային սահմանափակումներ, բայց կա կապիտալի շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում:

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության, ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2014-ի հունվար-փետրվարին Հայաստանում կազմել է 1 696,1 մլն դրամ՝ նվազելով 51 տոկոսով 2013 թ, նույն ժամանակահատվածի համեմատ: Հաշվետու շրջանում արտադրվել է 91,5 կգ ոսկերչական իր 2013-ի հունվար-փետրվարի 115,5 կգ դիմաց, անկումը կազմել է 20,8 տոկոս: Թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանից պատրաստված իրերի արտահանումը հունվարին կազմել է 32,9 մլն դոլար (աճը 19,5 տոկոս), իսկ ներկրումը այդ ապրանքների գծով կազմել է 54,9 մլն դոլար (աճը 34,1 տոկոս):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---