Հայոց ցեղասպանության հարցը 2015-ին ընդառաջ քննարկվելու է Չեխիայի խորհրդարանում. Շարմազանով

Հայոց ցեղասպանության հարցը 2015-ին ընդառաջ քննարկվելու է Չեխիայի խորհրդարանում. Շարմազանով

PanARMENIAN.Net - Չեխիայում ՀՀ ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը բավական արդյունավետ է եղել. բարձրացվել և ընթացք են ստացել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի բոլոր հարցերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, արցախյան հարցի հայանպաստ լուծում, այլատյացության դեմ պայքար: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Հայ պատվիրակները բոլոր պաշտոնական հանդիպումներին բարձրացրել են օրեր առաջ պայթեցված Սրբոց Նահատակաց եկեղեցու հարցը, որից անմիջապես հետո եղել է Չեխիայի հոգևոր առաջնորդի դատապարտումը, նաև այդ բարբարոսությունը խստագույնս դատապարտել են Սենատի գործընկերները:

«Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, Շարմազանովը նշել է, որ Չեխիայում այն գրեթե տաբու է եղել, մինչդեռ դեսպան Տիգրան Սեյրանյանի և պատվիրակության աշխատանքի արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, և Սենատում բազմաթիվ գործընկերներ պատրաստ են հարցը բարձրացնել պատգամավորների պալատում:

«Նրանցից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել հանդես գալ Չեխիայի պառլամենտում և կարծում եմ՝ 2015-ին որևէ կերպ կքննարկվի Հայոց ցեղասպանության խնդիրը»,- ասել է նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ և առաջարկել Չեխիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Նա Չեխիայի Սենատի նախագահին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:

ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկումների ժամանակ բոլոր ատյաններում հայ գործընկների հետ չեխ պաշտոնյաները համաձայնվել են, որ հարցի լուծման ճանապարհը խաղաղ կարգավորումն է՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, գրում է Tert.am-ը:

Ի դեպ, պատվիրակության ղեկավարը նշել է, որ իրենք ներկայացրել են նաև շոտլանդական օրինակը. «Մեր գործընկները համաձայնվեցին, որ կրկնակի ստանդարտներն անթույլատրելի են, Շոտլանդիայի հանրաքվեի օրինակը ցույց տվեց, որ ժողովուրդների իրավունքները այլևս փաստ են, և այդ իրացումն անքննելի է»:

Սեպտեմբերի 18-ին անկախության մասին հանրաքվե տեղի ունեցավ Շոտլանդիայում: Ի տարբերություն Իսպանիայի, բրիտանացիները համաձայն էին ընդունել արդյունքները և կենտրոնացել էին պետության միասնության պահպանման օգտին քարոզչության վրա: Հանրաքվեն ավարտվեց անկախության հակառակորդների հաղթանակով՝ կողմ քվեարկեց 45 տոկոսը, դեմ՝ 55 տոկոսը: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը, որը հանրաքվեի գլխավոր նախաձեռնողն էր ու առաջ տանողը, ընդունեց ժողովրդի ընտրությունն ու հրաժարական տվեց: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն, իր հերթին, խոստացավ անկախության կողմնակիցներին ընդլայնել իրավունքներն ու առաջարկեց Անգլիային, Ուելսին ու Հյուսիսային Իռլանդիային ևս մտածել ներքին քաղաքականության ոլորտում ինքնուրույնությունն ավելացնելու շուրջ:

Պատվիրակության անդամ Մարգարիտ Եսայանը լրագրողների հետ զրույցում առանձնացրել է Չեխիայում ՀՀ դեսպանի ջանքերը և արդեն իսկ նկատելի արդյունքները: Նա նաև հավելել է, որ Շարմազանովի ու Չեխիայի կարդինալի բանակցությունների արդյունքում հստակեցվել է հայկական եկեղեցու կառուցման տեղը, որը կլինի ոչ թե, ինչպես նախատեսվում էր, Պրահայի ծայրամասում, այլ՝ կենտրում, և կից հայկական դպրոց կունենա:

ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ հավելել է, որ, իր կարծիքով, Չեխիայի Հանրապետությունը անպայման Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին կասի իր խոսքը:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ դեսպանի աշխատանքն է համարել էտալոնային. «Երկար տարիների ընթացքում սա հազվագյուտ դեպքերից է, երբ մի ամբողջ պառլամենտ, վստահ եմ, հեղափոխական քայլեր է իրականացնելու թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե՛ տարածաշրջանային հարցերի շուրջ, թե՛ Հայաստանի՝ որպես գործընկերային երկիր, ներդրումային հարցերում»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---