Վացլավ Հավելի մրցանակը` ադրբեջանցի քաղբանտարկյալին

Վացլավ Հավելի մրցանակը` ադրբեջանցի քաղբանտարկյալին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող Վացլավ Հավելի միջազգային մրցանակը 2014-ին շնորհվել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Անար Մամեդլիին:

«Վացլավ Հավելի մրցանակը մեր ընդհանուր ինքնությունն է։ Ընտրությունը բավական բարդ էր, բայց մենք պետք է կատարեինք այն»,-ասել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը և հայտարարել հաղթողին: Վացլավ Հավելի դիպլոմն ու 60.000 եվրոն հանձնվել է Անար Մամեդլիի հորը։

Մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և «Խարտիա-77» հիմնադրամի կողմից։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա Վացլավ Հավելի մրցանակի համար ներկայացված 56 թեկնածուից ընտրվել էր 3-ը։ Մյուս երկու թեկնածուն իսրայելական առաջատար Բի’Ցելեմ մարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն ու Մալթայի փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունն էին, գրում է Panorama.am-ը։

Անար Մամեդլին մեծ ներդրում է ունեցել Ադրբեջանում ազատ ընտրության իրավունքի պաշտպանության գործում։ Նա հիմնադրել և ղեկավարել է Ադրբեջանում ընտրությունների դիտարկման կազմակերպությունը։ 2001-ից նրա հիմնադրած «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնն» իրականացնում էր Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգը։

Անար Մամեդլին ձերբակալվել է 2013-ի դեկտեմբերին ՝ Ադրբեջանում կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո։ Իշխանությունները նրան մեղադրեցին «իշխանության չարաշահման» և մի շարք այլ հոդվածներով և 2014-ի մայիսին նրան դատապարտեցին 5,5 տարվա ազատազրկման։

Վացլավ Հավելը չեխ թատերագիր, ակնարկագիր, բանաստեղծ, այլախոհ և քաղաքական գործիչ էր։ Եղել է Չեխոսլովակիայի վերջին նախագահը (1989-1992 թթ.) և Չեխիայի Հանրապետության առաջին նախագահը (1993-2003 թթ.)։ Հավելը մասնակցել է Հրովարտակ 77-ի պատրաստմանը, ու Պրագյան հռչակագրի հիմնադիր-ստորագրողներից մեկն էր։ Մահացել է 2011-ի դեկտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---