4  30.09.14 - Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի մամուլի ասուլիսը

Ամերիաբանկը երկարաձգել է «Անկանխիկ ազատություն» և «Բումերանգ» արշավների ժամկետը

Ամերիաբանկը երկարաձգել է «Անկանխիկ ազատություն» և «Բումերանգ» արշավների ժամկետը

PanARMENIAN.Net - Ամառային հանգստին ընդառաջ Ամերիաբանկը հանդես էր եկել հայաստանյան բանկերի բոլոր քարտապանների համար հատուկ մշակված «Անկանխիկ ազատություն» քարտային արշավով: Նկատի ունենալով հանրության մեծ հետաքրքրությունն արշավի նկատմամբ` բանկը երկարաձգել է դրա գործողության ժամկետը մինչև տարեվերջ: Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը` հավելելով, որ «Անկանխիկ ազատություն» արշավով փորձում են խթանել քարտերի վաճառքը և մեծացնել քարտային գործառնություների ծավալը:

Արշավի շրջանակում քարտապաններին առաջարկվում է վարկային գիծ` առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի ներկայացման և մինչև տարեվերջ առանց սպասարկման վճարի: Ընդ որում, վերջին 6 ամսվա ընթացքում ունենալով միջին ամսական անկանխիկ շրջանառություն առնվազն 80.000 ՀՀ դրամի չափով, քարտապաններին հնարավորություն է ընձեռվում արագ և պարզեցված ընթացակարգով ստանալ հատուկ պայմաններով վարկային գիծ: Այն տրամադրվում է 150.000-1.500.000 ՀՀ դրամ սահմանաչափով և քարտապանի անկանխիկ գործառնությունների մինչև տասնապատիկի չափով:

«Այլ կերպ ասած` բանկի բոլոր այն հաճախորդները կամ պոտենցիալ հաճախորդները, որ ունեն անկանխիկ շրջանառություն, կարող են վարկային քարտեր ստանալ` առանց ավելորդ քաշքշուկի ու եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման: Եթե մեր հաճախորդը հիմնավորում է իր միջին ամսական շրջանառությունը, կարող է ստանալ դրա մինչև 10-ապատիկի չափով վարկային գիծ»,- մանրամասնեց Արման Բարսեղյանը:

Ամերիաբանկը երկարաձգել է նաև այս տարի ներկայացված մյուս արշավը` «Բումերանգը»: Կարևորելով ՓՄՁ-ների դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և արշավի նկատմամբ մեծ հետաքրքրությունը` բանկը մինչև տարեվերջ երկարաձգել և բարելավել է դրա պայմանները:

«Մինչև տարեվերջ վարկավորելու ենք մեր ստանդարտ տոկոսադրույքից 1%-ով ցածր տոկոսադրույքով»,- նշեց Արման Բարսեղյանը:

Միաժամանակ բանկը նաև հանդես է եկել ֆիզիկական անձանց համար նմանատիպ առաջարկով:

«Սեպտեմբերի 24-ից մինչև տարեվերջ Ամերիաբանկը հանդես է գալիս նաև հատուկ առաջարկով այն ֆիզիկական անձանց համար, որոնք այլ բանկերում ունեն վարկեր բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման համար, և վարկի նվազագույն գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ: Այլ բանկերում սպասարկվող ֆիզիկական անձինք, տեղափոխելով այդ վարկերն Ամերիաբանկ, հնարավորություն ունեն ստանալ «բոնուս» վարկի գումարի միանվագ 1%-ի չափով, որը հաճախորդը կարող է օգտագործել իր հայեցողությամբ»,- մանրամասնեց բանախոսը` հավելելով, որ իրենց առաջարկն ավելի գրավիչ կլինի նաև տոկոսադրույքի տեսանկյունից:

«Բումերանգ» արշավի շրջանակում հնարավորություն է տրվում այն վարկառու ՓՄՁ-ներին, ովքեր իրենց վարկն այլ բանկերից տեղափոխում են Ամերիաբանկ: Արդյունքում` տեղափոխվող վարկի գումարի 1%-ն Ամերիաբանկը վերադարձնում է վարկառուին, և վերջինս հնարավորություն է ստանում այն տնօրինելու իր հայեցողությամբ: Ընդ որում, չի գանձվում վարկի տրամադրման համար որևէ վճար, և բանկը հոգում է գրավադրման համար բոլոր ծախսերը: Արշավի շրջանակում բանկը սեպտեմբերի 8-ից 1%-ով նվազեցրել է նաև վարկերի տրամադրման տոկոսադրույքը բանկում գործող տոկոսադրույքից: Ներկայացված առաջարկից կարող են օգտվել բոլոր այն վարկառուները, որոնք ունեն գույքով ապահովված բիզնես վարկ կամ վարկային գիծ (օվերդրաֆթ)` 10 մլն-100 մլն ՀՀ դրամի չափով, եթե առկա է այդ վարկերի պատշաճ սպասարկման առնվազն 3 ամսվա պատմություն: Արշավի շրջանակում վարկերը տրամադրվում են նվազագույնը երեք տարի մարման ժամկետով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---