Լուկաշենկոն դեմ չէ միասնական արժույթին, բայց՝ «ինչպես Եվրոպայում». Այս հարցն են հիմա լուծում ԵՏՄ-ում

Լուկաշենկոն դեմ չէ միասնական արժույթին, բայց՝ «ինչպես Եվրոպայում». Այս հարցն են հիմա լուծում ԵՏՄ-ում

PanARMENIAN.Net - Բելառուսը չէր առարկի Ռուսաստանի հետ միութենական պետությունում միասնական արժույթի ներմուծման դեմ, բայց պնդում է, որ թողարկման կենտրոնի հարցում հավասարություն լինի: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Բայց դա պետք է լինի անկախ արժույթ, ինչպես Եվրոպայում»,-ասել է Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում:

Նա նկատել է, որ դեմ չէր լինի, եթե արժույթը ռուբլի կոչվեր, քանի որ այժմ և Բելառուսում, և ՌԴ-ում ազգային արժույթները ռուբլի են կոչվում: «Բայց էմիսիոն կենտրոնը պետք է հավասար պայմաններում լինի»,-ասել է նախագահը: Նա պարզաբանել է, որ իր ընկալմամբ հավասարություն նշանակում է բոլոր հարցերի լուծում ի շահ ինչպես բելառուսների, այնպես էլ ռուսաստանցիների:

Ըստ նրա, եթե Միութենական պետության էմիսիոն կենտրոնն ու Կենտրոնական բանկը լինեն Ռուսաստանում, ապա «աշխատավարձ վճարելու համար մենք ստիպված կլինենք ծնկաչոք դիմել Կրեմլին»:

«Էմիսիոն կենտրոնը պետք է անկախ լինի»,-մեկ անգամ ևս ընդգծել է Լուկաշենկոն: Նա նշել է, որ այժմ այդ հարցը քննարկում են և փորձում են լուծել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամները:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ միասնական արժույթի ներմուծումն անխուսափելի է ԵՏՄ-ում, թեև դրա համար, հավանաբար, 5-10 տարի կպահանջվի: «5-10 տարի կանցնի ու միասնական արժույթի ներմուծման հարցը հաստատ կլուծվի, կհայտնվեն թողարկող կենտրոններ ու միասնական արժույթ: Մենք կարող էինք խուսափել սրանից, եթե ժամանակին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, ռուբլին չկոտրեին: Այն ժամանակ մենք փլուզեցինք միասնական տնտեսական տարածքը և հիմա, տարբեր երկրներ մնալով, ստեղծում ենք այն»,-հայտարարել է Շուվալովը՝ նշելով, որ միասնական արժույթի ներմուծման հարցը կքննարկվի մասնագիտական շրջանակներում:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունն իր յուրահատկությունն ունի՝ ընդհանուր սահմանի բացակայությունը ԵՏՄ մյուս անդամների հետ: «Սակայն, մենք վստահ ենք, որ դա չի խանգարի Հայաստանի ինտեգրմանը կանոնակարգման, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների միասնական համակարգերին, որոնք ձևավորվում են ընդհանուր տնտեսական տարածքում:

Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք, և մեզ համար ավելի հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունը խոշորոգույն տնտեսակսն միավորում է աշխարհագրական առումով: Մենք վստահ ենք, որ Միությունը հսկայական չիրագործված ներուժ ունի իր դիրքերը աշխարհի տնտեսական քարտեզում ամրապնդելու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---