Պաշտպանության նախարարի խորհուրդն ադրբեջանական կողմին. Ժամանակն է դադարեցնել կրակոցները շփման գծում![]() 17 հոկտեմբերի 2014 - 20:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը խորհուրդ է տալիս՝ խաղաղության պայմանագրին հասնելու համար շփման գծում դադարեցնել կրակոցներն ու սահմանում խաղաղություն պահել։ «Մենք բոլորս էլ ակնկալիք ունենք, որ խաղաղություն պետք է լինի։ Եվ որպեսզի վստահության մթնոլորտի ձևավորման հիմքեր ստեղծվեն՝ Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայի, որ առաջին հերթին շփման գծում, ՀՀ սահմաններում դադարեցնեն կրակոցները, ինչն այս վերջին օրերին ավելի է լարվել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը, գրում է Tert.am-ը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական զինուժը բազմապատկել է հրադադարի ռեժիմի խախտումները, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը, ձևացնելով, թե պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս` ձախողել միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված վերջին տարիների բանակցային գործընթացը: Նախարարը շեշտել է, որ, իրականում, իր ապակառուցողական քայլերով, Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։ Arka գործակալության հաղորդմամբ՝ «Պաշտպանական ոլորտի բյուջեի ծրագրում և ծախսերի արդյունավետ վերահսկողություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Սեյրան Օհանյանը հայտնել է, որ Հայաստանի 2015 թվականի պաշտպանական բյուջեի վերջնական տարբերակը մշակելիս խորհրդարանականների և հասարակայնության փաստարկները հաշվի կառնվեն: Նա ընդգծել է, որ իր գլխավորած գերատեսչությունը երբեք չի խուսափել խորհրդարանական կամ հանրային լսումներից, որոնց ընթացքում կարող է սուր քննադատություն հնչել։ «Այդ քննադատությունը հաճախ օբյեկտիվ է, հաճախ` ոչ, սակայն մենք երբեք չենք խուսափում հանրային լսումներից, քանի որ ոլորտի խնդիրների լուծման համար պետք է լսել հանրային կարծիքը, ընդգրկել խորհրդարանն այս հարցում»,– ասել է նա։ Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ միշտ փորձում է անձամբ ներկա լինել նմանատիպ քննարկումներին` ավելացնելով, որ քննարկումներից հետո նախարարությունում միշտ առանձին խորհրդակցություններ և քննարկումներ է անցկացնում` հնչեցրած խնդիրներր լուծման ուղիներ գտնելու համար։ Ըստ նրա` Հայաստանի պաշտպանության նախարարության կատարած բարեփոխումները պաշտպանական ոլորտում իմիտացիոն բնույթ չեն կրում։ «Մենք իսկապես աշխատում ենք, և եթե ինչ–որ բան չի ստացվում, դա ունի օբյեկտիվ պատճառներ, որոնք մենք պետք է հաղթահարենք` գործընթացում ընդգրկելով խորհրդարանն ու հասարակայնությանը»,– ընդգծել է նախարարը։ Օհանյանը նաև կարևորել է այն, որ նման քննարկումների արդյունքում ձևավորվում է բանակ–խորհրդարան–հասարակություն սերտ գործակցության հարթակ։ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 25–ին հաստատել է 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որի համաձայն` պետբյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրլն 184 մլրդ դրամի, ծախսերը` 1 տրլն 298 դրամի, պակասուրդը` 114.1 մլրդ դրամի մակարդակում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |