Շանթ Հարությունյանն ու ընկերները` քաղբանտարկյա՞լ. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դատապարտում են վճիռը

Շանթ Հարությունյանն ու ընկերները` քաղբանտարկյա՞լ. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դատապարտում են վճիռը

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին` ԱԺ հերթական քառօրյային, մեկ առ մեկ թվարկելով Շանթ Հարությունյանի և գործով անազատության դատապարտված բոլոր մյուս 11 անձանց անունները, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին առաջարկել է «Քաղբանտարկյալները Հայաստանում» թեմայով հրատապ խորհրդարանական լսումներ կազմակերպել:

«Որպեսզի մենք հնարավորություն ունենանք հիմնավորելու տեսակետները, թե ինչու ենք մենք այդ մարդկանց համարում քաղբանտարկյալ և ինչու ոմանք նրանց քաղբանտարկյալ չեն համարում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա այնպիսի հրատապության հարց է, որ ԱԺ-ն չի կարող ուղղակի մնալ հայտարարությունների դաշտում և պետք են շատ կոնկրետ գործողություններ:

«Մանավանդ, որ մենք գիտենք, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր մարդասպանություն են գործել և ոչ միայն բանտում չեն գտնվում, այլև իշխանություններ կողմից ստանում են բարձագույն պաշտոններ»,- ասել է պատգամավորը:

Էլինար Վարդանյանը, ի պատասխան, հայտարարել է, թե առաջարկը միանշանակ ընդունելի է և խոստացել առաջիկայում կազմակերպել դրանք, գրում է Tert.am-ը:

Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե «մեզանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի, որովհետև դա եկել է Սովետական միությունից: Բացիեբաց խոսացողը, այդ թվում Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալի խնդիր չի»:

Նա նշել է, թե իր քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել նույն քաղբանտարկյալները, բայց «երբեք ու երբեք մինչև այսօր որևէ մեկը ոչ լացում է, ոչ էլ իրեն որդեգրում է որպես քաղբանտարկյալ»:

«Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ: Նրանք էին, որ ընդհատակյա գործողություն էին կատարում, նրանց էին, որ Սովետի մամլիչ մեքենան տարբեր կալանավայրերում մշակում էր տասնյակ տարիներով: Սա է իմ տպավորությամբ քաղբանտարկյալը: Երկար փորձությունների, տանջանքների, չգիտեմ ինչերի ճանապարհ է քաղբանտարկյալը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել` դատապարտելով «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի կայացրած վճռիը՝ նշելով, որ Շանթին և նրա ընկերներին այսուհետ ՀԱԿ–ը հայտարարում է քաղաքական բանտարկյալներ։

«Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման այնպիսի ժամկետներ, որոնք վկայում են իշխող ռեժիմի ծայրահեղ քինախնդրության և տարրական բորոյական և իրավական նորմերը ոտնահարելու մասին: Պատահական չէ, որ ակնհայտ անարդար վճիռը իրականացվել է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող «7-ի գործի» տխրահռչակ դատավոր Մարտիրոսյանի ձեռքերով:

ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահամանում» թիվ 1900 բանաձևի երրորդ կետը ձևակերպում է քաղաքական բանտարկյալ սահմանելու չափանիշները: Հայաստանի վերոհիշյալ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է բանաձևի այն չափանիշին, համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»,- ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

Ելնելով վերոշարադրյալից, «Հայ ազգային կոնգրեսը» Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին,Ալբերտ Մարգարյանին, Սևակ Մնացականյանին, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանին, ԱվետիսԱվետիսյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին այսուհետև ճանաչում է քաղաքական բանտարկյալ և հայտարարում, որ «կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով: Դա նաև կլինի Հայաստանում սկսված իշխանափոխության գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը»:

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Վճիռը հոկտեմբերի 17-ին հրապարակել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով:

Արթուր Մարգարյանը դատապարտվել է 6 տարի, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5 տարվա ազատազրկման: Պատժի սկիզբը համարվում է 2013-ի նոյեմբերի 5-ը:

«Ժառանգություն» կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել, որում դատապարտում է ամբաստանյալ քաղաքացիներին նախնական կալանքում շուրջ մեկ տարի պահելու, այսինքն` փաստացի ազատազրկելու, խուլիգանության մեջ նրանց չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու, ինչպես նաև ցուցարարների հանդեպ անհամարժեք պատիժ կիրառելու գործողությունները:

«Հասարակության մի պատկառելի հատված այս դատավարությունից ակնկալում էր ամբաստանյալների արդարացման վճիռ, քանի որ ամբողջ դատաքննության ընթացքում քաղաքացիների անմեղությունն ապացուցված էր համարվում մինչև այն պահը, երբ Կոլումբիայի համալսարանում, դատարանի կողմից դեռ վճիռ չկայացված, մեր երկրի դե ֆակտո նախագահն իր տխրահռչակ ելույթում, անմեղության կանխավարկածի կոպիտ խախտմամբ, ներկայացրեց մեղադրանք-վերջնագիր՝ ցույցի 14 մասնակիցներին որակելով հանցագործներ:

Այս դատավճիռը համարելով անձի ազատ խոսքի իրավունքի, նրա քաղաքական հայացքների նկատմամբ ներկա իշխանությունների անհանդուրժողականության դրսևորում, «Ժառանգությունը» գտնում է, որ ինչպես Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, այնպես էլ Վոլոդյա Ավետիսյանի և Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են, ուստի վերջիններս միանշանակ հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ:

Սա մեր պետության ու հայ ժողովրդի խայտառակությունն է, և «Ժառանգությունն» իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի շուրջ մեկ տասնյակի հասնող քաղբանտարկյալներին շուտափույթ ազատ արձակելու համար»,- նշվում է հայտարարության տեքստում:

Ըստ մեղադրական եզրակացության, Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս):

Ավելի վաղ մեղադրող Գևորգ Գևորգյանը միջնորդել է Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Վարդան Վարդանյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանին ու Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5,5 տարի, Սևակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին ու Արմեն Հովհաննիսյանին՝ 4-ական տարի, իսկ Միսակ Առաքելյանին՝ 50 հազար ՀՀ դրամի տուգանքի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---