Քրդերի համար նախատեսված ամերիկյան զենքը հայտնվել է ԻՊ գրոհայինների ձեռքում

Քրդերի համար նախատեսված ամերիկյան զենքը հայտնվել է ԻՊ գրոհայինների ձեռքում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինների դեմ օդային գործողությունն ԱՄՆ-ից արդեն 424 մլն դոլար է պահանջել, հայտարարել է Պենտագոնը:

Ըստ ամերիկյան պաշտպանական գերատեսչության հաղորդագրության, նշված գումարը ծախսվել է ԻՊ դիրքերին ավիահարվածների նախապատրաստման ու իրագործման համար օգոստոսի 8-ից մինչ օրս: Այդպիսով, ԱՄՆ-ն ամեն ամիս ԻՊ դեմ պայքարի համար ծախսում է 7,6 մլն դոլար:

Ինչպես հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ փոխծովակալ Ջոն Քիրբին, հոկտեմբերի 21-ին միջազգային կոալիցիայի ուժերը քրդերի ցամաքային աջակցությամբ կանխել են սիրիական քրդաբնակ Կոբանի գրավումը ԻՊ կողմից: Կոբանին քրդական ինքնավարության կարևոր, ինչպես նաև մեծ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է թուրք-սիրիական սահմանին:

Ավելի վաղ ԱՄՆ Ռազմավարական ու բյուջետային գնահատման կենտրոնի փորձագետները հաշվել էին, որ տարեկան կտրվածքով ԻՊ դեմ ռազմական գործողության համար ծախսերը կկազմեն նվազագույնը 2,4-3,8 մլրդ դոլար, առավելագույնը՝ 13-22 մլրդ դոլար, հայտնում է Պոլիտ.ռու-ն:

Մինչդեռ, ԻՊ գրոհայիններին հաջողվել է գրավել զինամթերքի բեռը, որն ԱՄՆ-ն նախատեսել էր քրդեի համար: Նշվում է, որ խմբաքանակում առկա էին նռնակներ, զինամթերք, նռնականետեր: Ըստ Սիրիական մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի, գրոհայիններին հաջողվեՙլ է առգրավել առնվազն մեկ խմբաքանակ:

Բեռը նետվել է ցած ինքնաթիռից Կոբանի շրջանում, գրում է Կորեսպոնդենտ. ռու-ն:

Մինչդեռ ԱՄՆ-ն մտադիր է Իրաքին վաճառել Abrams տանկերի 46 հազար ական, ինչպես նաև անհրաժեշտ պահեստամասեր, որպեսզի երկիրն ավելի լավ դիմագրավի ԻՊ ոտնձգություններին: Այդ մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը:

«Հոկտեմբերի 20-ին Պետդեպարտամենտը հավանություն տվեց Իրաքին М1А1 Abrams ականների վաճառքի համար, ինչպես նաև պահեստամասերի ու անհրաժեշտ սարքավորումների 600 մլն դոլար ընդհանուր գումարի»,-ասել է նա: Հարֆը պարզաբանել է, որ այդպիսով ԱՄՆ-ն սատարում է Իրաքին իսլամիստների դեմ պայքարում:

Նա պարզաբանել է, որ այժմ 30 օրվա ընթացքում գործարքի մասին պետք է իրազեկվի Կոնգրեսը, որից հետո «Պետդեպն ու Իրաքի կառավարությունը կհամաձայնեցնեն տեխնիկական ու վարչական մանրամասները», հայտնում է ՏԱՍՍ-ը: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---