Օմբուդսմենը մայրության նպաստի մասին օրենքը վերանայելու կոչ է անում

Օմբուդսմենը մայրության նպաստի մասին օրենքը վերանայելու կոչ է անում

PanARMENIAN.Net - Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` մատնանշելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ և արդյունքում վերանայել նախագիծը:

«Օրինագծով կնոջը նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար գումար կտրամադրվի միջին աշխատավարձի 40, 60, 80 տոկոսի չափով՝ կախված միևնույն գործատուի մոտ կնոջ աշխատանքային ստաժից: Այսինքն՝ ոչ միայն էապես նվազում է ստացվող գումարի չափը, այլև այն կախման մեջ է դրվում նույն աշխատավայրում աշխատելու հանգամանքից: Օմբուդսմենը մտահոգ է, որ նման պահանջը կարող է սահմանափակել կնոջ աշխատանքի ընտրության սահմանադրական ազատությունը և հանգեցնել գործատուների կողմից աշխատանքային իրավունքների չարաշահման: Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100 տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին:

Օրինագիծը նաև անհամեմատ անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն կանանց համար, ովքեր արդեն իսկ հղիացել են գործող օրենքի ժամանակ: Ստացվում է, որ նրանց վրա տարածվելու են օրինագծով առաջարկվող ավելի վատթար պայմանները՝ այսպիսով խախտելով օրինական ակնկալիքի սկզբունքը»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Ընդգծելով հղի կանանց սոցիալական երաշխիքները վատթարացնելու անթույլատրելիությունը՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն անհրաժեշտ է համարում պատշաճ հանրային քննարկումների անցկացումը: Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը պատրաստակամ է վերոնշյալ խնդրահարույց կետերը և դրանց վերանայման ճանապարհները քննարկել շահագրգիռ բոլոր պատգամավորների հետ:

Միևնույն ժամանակ օրենքի դեմ պայքարող քաղաքացիները վաղը՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:30, պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպելԿառավարության շենքի մոտ:

«Հաշվի առնելով նախագծի բոլոր բացասական կողմերը՝ պահանջում ենք պահպանել աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման կարգն այնպես, ինչպես սահմանված է ներկայումս գործող օրենքում: Վերջապես աշխատող կանայք սոցիալական հարկեր են վճարում: Ինչպես նաև՝ գտնել բյուջետային այլ աղբյուրներ չաշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ վճարելու համար»,- նշված է նախաձեռնող խմբի ֆեյսբուքյան էջում:

Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը), ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

Օրենքի նախագիծը կառավարության հավանությանն արժանանալուց հետո ներկայումս գտնվում է հանրային լայն լսումների փուլում:ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հոկտեմբերի 18-19-ին անցկացված քննարկմումների ընթացքում ներկայացրել է օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները, խոսել հղիության և ծննդաբերության նպաստների ուղղությամբ կատարված ծախսերի դինամիկայի, դրանց մակարդակի վրա սուբյեկտիվ գործոնների ազդեցության մասին:

«Մենք պետք է կարողանանք համատեղ ներկայացնել այն մտահոգություները, խնդիրներ, որոնք այս ընթացքում արձանագրվել են: Մենք բաց ենք հանրային քննարկման համար, բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ և այդ քննարկումներին նախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին, խմբակցություններին, գործատուներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և բոլոր շահագրգիռ անձանց»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Հոկտեմբերի 27-ին ժամը 14:30-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---